
Բոլոր ուղղություններով պետական միջոցները փոշիացվել են. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի համայնքներն ակտիվություն չեն դրսևորում կառավարության խոստացած 10 մլրդ դրամ սուբվենցիաները ստանալու առումով և ծրագրեր չեն ներկայացնում: Առայժմ ցուցանիշը 200-300 մլն-ի շրջանակներում է: Այսօր գործադիրի նիստում որոշման ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկած հայտնեց, որ հավանաբար համայնքների ղեկավարները հասկացել են, որ չեն կարող նախկին մեթոդներով աշխատել և գումարներն իրենց ուզած ձևով ծախսել:
«Մենք իսկապես պետք է քննարկենք՝ այդ 10 մլրդ դրամն արժե՞ այլ խողովակներով ծախսել համայնքներում, թե՞ չարժե: Վերջին շրջանի բացահայտումներն ու հետաքննությունները փաստում են, որ այս ծրագրերով մենք ունենք լուրջ ռիսկեր, մենք պետք է ապահովենք, որ այդ ծրագրերով մրցույթները պատշաճ իրականացվեն, մրցույթ բառի՝ մեզ բոլորիս հայտնի իմաստները պետք է կարողանանք արմատախիլ անել»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ հնարավորությունների 30-50%-ն է օգտագործվում և պետք է առկա միջոցները ծախսել արդյունավետ, ինչը լրիվ այլ վիճակ կբերի բոլոր ոլորտներում:
Ըստ նրա՝ բոլոր ուղղություններով պետական միջոցները փոշիացվել են. «Մինչև մենք այդ անցքերը չփակենք, խնդիրները հնարավոր չէ լուծել: Ինչքան շատ լցնենք այդ կաթսայի մեջ, այնքան վարարելու են կաթսայից դուրս տանող խողովակները»: