Ով է վճարել Վաչագան Ղազարյանի համար նշանակված 1 միլիարդ դրամ գրավը

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց, որ Վաչագան Ղազարյանն է մուծել իր համար նշանակված 1 մլրդ դրամ գրավը:

«Վաչագան Ղազարյանը չի մուծել, ինչ-որ այլ մարդ է մուծել, հայտնի անուն չէ»,- ասաց ՀՔԾ պետը՝ ի պատասխան հարցի, թե որտեղի՞ց Վ.Ղազարյանին այդքան գումար:
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 1 միլիարդ դրամ գրավը վճարելուց հետո ազատության մեջ է։

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է 1 ամիս առաջ՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:

Ղազարյանը կալանավորվել էր 2 ամսով և, համաձայն չլինելով դատարանի որոշմանը, այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան, որն էլ փոխել էր նրա նկատմամբ խափանման միջոցը:

Տեսանյութեր

Լրահոս