
Սեւանա լճից այս տարի արդեն բաց է թողնվել 101 միլիոն 891 հազար խորանարդ մետր ջուր

Ոռոգման նպատակներով այս տարի Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 101 միլիոն 891 հազար խորանարդ մետր ջուր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի հուլիսի 25-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 76 սանտիմետր բարձրության վրա, ինչը 6 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 113 միլիոն 578 հազար խորանարդ մետր ջուր: Ստորերկրյա ճանապարհով լճի ջրային պաշարներն ավելացել են 13 միլիոն 891 հազար խորանարդ մետրով: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի տեղեկացմամբ՝ այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ Սեւանա լճից ոռոգման նպատակներով նախատեսված է բաց թողնել մինչեւ 170 միլիոն խորանարդ մետր ջուր, որից 101 միլիոնն արդեն բաց է թողնվել:
Խոսրով Խլղաթյան