
Լիլիթ Մակունցը ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ քննարկել է համագործակցության մշակութային տարբերակները

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Ինչպես փոխանցում են ՀՀ մշակույթի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են վրաց ժամանակակից նկարիչների աշխատանքները Հայաստանում ներկայացնելու, Մարտիրոս Սարյանի ու խորհրդային շրջանի վրաց նկարիչ Դավիթ Կակաբաձեի աշխատանքների համատեղ ցուցադրությունը Երևանում և Թբիլիսիում կազմակերպելու հնարավորությունները:
Դեսպան Սագանելիձեն առաջարկել է կյանքի կոչել երկու երկրների սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ համերգային նախագիծը, որի գաղափարի հեղինակը մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելին է:
«Կարծում եմ, որ արժե վերանայել այս նախագիծը, որի ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք արդեն կատարվել է»,-նշել է Վրաստանի դեսպանը:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր խոսքում ընդգծել է, որ կանդրադառնա ոչ միայն հիշյալ նախագծին, այլև ներկայացված մյուս առաջարկներին՝ վստահեցնելով, որ հայկական կողմը բաց է համագործակցության համար և շահագրգռված է մշակույթի ոլորտում ակտիվ համագործակցությամբ:
Քննարկվել են նաև պատմամշակութային ժառանգության պահպանության հետ կապված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել երկկողմ մշակութային հարաբերությունները և պայմանավորվել` այն պահել նույն բարձր մակարդակի վրա: