ԵՄ պաշտոնյան՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության և ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող հատկացումների «ավելացումների» մասին

«Կատարինա Մատերնովան առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ հեղափոխությունից հետո եկել է Հայաստան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ներկայացնելով Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովային:

Վերջինս նշեց, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար, և շեշտեց, որ սա իր առաջին այցը չէ, նախկինում նա ևս եղել է այստեղ: Կ. Մատերնովան շնորհավորեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը՝ նշելով, որ իր հայրենիքում՝ Սլովակիայում, տարիներ առաջ նույնպես նման գործընթացներ են եղել:

«Մենք արդեն ստորագրել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության  համաձայնագիրը: Մենք ամեն ինչ անելու ենք, որ աջակցենք այս համաձայնագրին: Մենք շատ ուրախ ենք այն ուղղվածության համար, որ նոր կառավարությունը նշել է իր գերակայությունների շարքում: Մենք ամեն ինչ կանենք, որ աջակցենք կառավարությանը և քաղաքացիական հասարակությանն իրենց գործունեության մեջ»,- նշեց Կ. Մատերնովան:

Նրա խոսքով՝ ապրիլյան իրադարձություններն էին, որ իրեն մղեցին, որպեսզի միանգամից ծրագրի իր այցը Հայաստան. «Ճանապարհին ես անգամ լողացի Սևանում: Այս այցի ժամանակը շատ պատեհ է, որովհետև ձեր վարչապետը Բրյուսելում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, ու շատ հանդիպումներ ունեցավ այնտեղ: Լավ հնարավորություն է, որ շարունակենք այն բոլոր քննարկումները ու բանակցությունները, որ տեղի ունեցան այնտեղ: Ես այստեղ եմ ու պատրաստ եմ պարզաբանելու ցանկացած թյուրըմբռնում»:

Նա ասաց, որ վաղն իրենք սեմինարներ են ունենալու Հայաստանի պաշտոնատար անձանց հետ՝ ներկայացնելու այն մեխանիզմները, որոնցով կարելի է ԵՄ-ի հետ ավելի արդյունավետ աշխատել:

Կ. Մատերնովան ընդգծեց, որ ԵՄ-ն տրամադրում է Հայաստան եկող աջակցության 50 տոկոսը. «Մենք ավելացրել ենք մեր հատկացումները Հայաստանին: Մենք ունենք ակտիվ պայմանագրեր, որոնք հիմա իրականացման փուլում են, կամ սպասվում է դրանց իրականացումը՝ մոտավորապես 240 միլիոն եվրոյի է հասնում այս գումարը»:

Հարցին՝ 240 միլիոնը հեղափոխությունից հետո՞ է ավելացել, թե՞ մինչ այդ, Կ. Մատերնովան պատասխանեց, որ իրենք ունեն աջակցության տարբեր մեխանիզմներ. «Այդ պայմանավորվածությունը եղել է մինչև թավշյա հեղափոխությունը, բայց այս տարվա հատկացումները հանդիսանում են «ավելին՝ ավելիի դիմաց» հատկացման մաս: Սրանով մենք ընդունում ենք կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումները: Մենք չենք գործում միայն այն սկզբունքով, որ փող տրամադրենք միայն նրա համար, որ հեղափոխություն է տեղի ունեցել: Իմ այցի նպատակն է, որ մենք նաև հասկանանք կառավարության կարիքները ու ճշգրտումներ կատարենք մեր աջակցության մեջ»:

Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում արած այն հայտարարության մասին, որ իրենք ավելի մեծ ակնկալիքներ ունեն ԵՄ-ից՝ Կ. Մատերնովան ասաց, որ իր այցի լավ կողմերից մեկն այն է, որ կարող են կառավարության հետ ինտենսիվորեն քննարկել, թե ինչպես են իրենք աշխատում, և հստակեցնել՝ ինչ աջակցություն է տրամադրվել.

«Գտնում եմ՝ այստեղ ինչ-որ բաներ պարզաբանելու ու բացատրելու տեղ կա, միգուցե կան ինչ-որ թյուրընկալումներ: Թվերը կարող են շփոթեցնել, եթե նայենք աջակցության ընդամենը մի մեխանիզմին, ու ամբողջ պատկերը չուսումնասիրվի: Վարչապետի այդ հայտարարությունը հուշեց մեզ, որ մենք էլ վերանայենք այդ թվերը ու հասկանանք՝  ընդհանուր ինչ ենք տրամադրել, ու մենք էլ զարմացանք, որ շատ ավելին էր մեր տրամադրածը, քան ինքներս էինք կարծում: Շատ լավ էր, որ մենք լսեցինք վարչապետի այդ ասածը, որովհետև ինքներս հետ նայեցինք մեր փաստաթղթերը ու բացահայտեցինք, թե իրականում ինչքան ենք տալիս Հայաստանին»:

Տեսանյութեր

Լրահոս