Բաժիններ՝

Սփյուռքահայ հրապարակախոս Կ.Գույումճյանը ներկայացնում է «Գնի՛ր Հայաստանում» ծրագիրը

Քուվեյթաբնակ գործարար, բարերար, ՀԳՄ անդամ Կիրակոս Գույումճյանը ցանկություն ունի Հայաստանում իրականացնելու «Գնի՛ր Հայաստանում» ծրագիրը: Նպատակն է խթանել և ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի սփյուռքահայերը բոլոր անհրաժեշտ գնումները կատարեն Հայաստանում:

Կիրակոս Գույումճյանը հայտնի է որպես հրապարակախոս և հասարակական գործիչ, որը մեծ աշխատանք է իրականացրել արաբական աշխարհում Հայ դատի խնդիրը ներկայացնելու համար: Հեղինակ է ավելի քան 60 հոդվածների` Հայաստանին առնչվող զանազան թեմաների վերաբերյալ: Դրանք տպագրվել են արաբական երկրներում հրատարակվող անվանի թերթերում: Պարոն Գույումճյանի հոդվածները լույս են տեսել նաև առանձին գրքով` արաբերեն և հայերեն: Արժանացել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանին:

Գույումճյանը ցանկանում է ներդրում ունենալ նաև Հայաստանի Հանրապետության բարգավաճման և տնտեսության զարգացման գործում: Այդ իսկ պատճառով, մշակել է մի ծրագիր, որին ականջալուր լինելու դեպքում` սփյուռքահայերը իրենց անհրաժեշտ ցանկացած գնում կկատարեն Հայաստանում գործող խանութներից և սրահներից, կօգտվեն հայրենիքում առաջարկվող ծառայություններից:

«Արմենպրես»-ը զրուցել է Կիրակոս Գույումճյանի հետ նրա ծավալած հայրենանպաստ գործունեության և «Գնի՛ր Հայաստանում» ծրագրի մանրամասների վերաբերյալ:

-Ինչպե՞ ս հղացավ «Գնի՛ր Հայաստանում» ծրագիրը ստեղծելու գաղափարը:

Հայրենիքին օգնելու ցանկություն միշտ ունեցել եմ: Իսկ գործնականում մի քանի ամիս է, ինչ մշակում եմ այս ծրագիրը: Այդ գաղափարը ստեղծվեց իմ անձնական փորձի հիման վրա: Մի անգամ, երբ ես և տիկինս որոշեցինք, որ պետք է գանք Հայաստան, իրարանցում սկսվեց: Սկսեցինք որոշել, թե ինչ նվերներ, անհրաժեշտ իրեր պետք է գնենք և բերենք մեզ հետ հայրենիք… հագուստ, կոշիկ, տան պարագաներ, կահույք, զարդեղեն և այլն: Եվ ես մտածեցի՝ ինչու է այս իրարանցումը: Մենք գումարը կվերցնենք մեզ հետ և ինչ հարկավոր է կգնենք Հայաստանից: Ինչո՞ւ այստեղից գնենք և տանենք Հայաստան: Չէ՞ որ Հայաստանում էլ ամեն ինչ կա: Ավելի լավ է՝ ես ոչ թե այստեղի մարդկանց հարստացնեմ, այլ գնամ և իմ հայրենակիցներին՝ Հայաստանին օգուտ տամ: Այդպես էլ արեցինք: Քուվեյթից գնեցինք միայն մեզ շատ անհրաժեշտ իրերը: Եկանք և Հայաստանում արեցինք մեր գնումները: Համոզվեցինք՝ այսպես ավելի լավ էր: Առաջինը սկսեցի իմ անձից, հետո իմ ընտանիքից: Կուզեմ, որ ամեն սփյուռքահայ Հայաստան մեկնելիս ապրանք չբերի, գա մեկ թեթև ճամպրուկով և իմանա, որ հայրենիքի զարգացման գործում նա ևս իր ներդրած լուման ունի:

– Հայաստանում սպասարկումը և մատուցվող ծառայությունների որակը ինչպե՞ս կգնահատեք:

Արտադրանքից, որակից, հարմարավետությունից և սպասարկումից շատ գոհ մնացինք: Եվ չնայած գնեցինք այլ երկրներից բերված ապրանքներ, որոնք առկա էին նաև Քուվեյթում, քանի որ հայկական արտադրանքի ապրանքները դեռ խանութներում շատ քիչ են, ես օգնեցի հայ վաճառողին: Թող մեր վաճառողը օգտվի դրսի վաճառողի փոխարեն, և վաճառված ապրանքի տուրքը և բոլոր հարկերը թող մեր պետությանը գնան: Երբ շատ սփյուռքահայեր ինձ պես վարվեն, Հայաստանի շուկան կմեծանա և հետևաբար, գոնե ամառվա ամիսներին Հայաստանի բյուջեն շատ ավելի կհարստանա: Վաճառականն էլ՝ կկարողանա ապրանք ներմուծելու փոխարեն, արտադրամասեր ստեղծել և արտադրել տեղական ապրանքներ: Ոչ միայն Հայաստան գալու ժամանակ, այլ նաև Հայաստանից վերադառնալիս պետք է բոլոր գնումները կազմակերպել հայրենիքում գործող խանութներից: Կմեծանա հայկական շուկան, կստեղծվեն աշխատատեղեր… փափագներս, երբ որ իրականանան, մեր տնտեսության համար որոշ օգուտ կլինի:

-Ի՞ նչ արձագանքի է արժանացել ծրագիրը սփյուռքահայերի շրջանում:

Տարբեր կարծիքներ կան ծրագրի շուրջ: Ծրագրի մասին իմացողների մեծամասնությունը դրական է գնահատում և ասում է, որ լավ գաղափար է: Գաղափարը դեռ տարածվելու խնդիր ունի, իսկ դրա համար պետք է շատ խոսել այս ծրագրի մասին: Օնլայն հարթակում ստեղծել ենք նաև #ԳնիրՀայաստան հեշթեգը, որը կօգնի ավելի դյուրին կերպով տեղեկություններ ստանալ ծրագրի մասին: Հուսանք, նախաձեռնությունը մեծացնելով, անգլերեն տարբերակը` #Buy in Armenia պիտակով, ևս կգործարկենք Հայաստանի բոլոր այցելուների համար: Կան նաև դժգոհություններ, որոնք կապված են, Հայաստանի խանութներում գնումներ կատարելու ժամանակ սփյուռքահայերին հանդիպող խնդիրների հետ: Օրինակ՝ վաճառման ենթակա ապրանքների պիտակների լեզվի հարցը: Հայաստանյան խանութներում վաճառվող ապրանքների պիտակների վրա շատ հաճախ կարելի է հանդիպել ռուսերեն գրառումների: Պետք է աշխատել այս ուղղությամբ՝ գոնե անգլերենով նույնպես նշումներ արվեն պիտակների վրա, որպեսզի արտադրանքին վերաբերող տեղեկությունը հասանելի լինի ավելի մեծ թվով սփյուռքահայերի:

-Պետական կառույցները հայտնե՞լ են իրենց աջակցությունը «Գնի՛ր Հայաստանում» ծրագրի իրականացման համար:

Հանդիպել եմ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ և ներկայացրել եմ ծրագիրը: Նրան շատ քաջալերեց իմ գաղափարը: Առաջիկայում ավելի մանրամասն կծանոթացնեմ իմ մտքերի ու տեսակետների հետ, որպեսզի մշակենք և դրանք իրականություն դարձնենք: Նա իր պատրաստակամությունը հայտնեց այս ծրագրի իրականացման գործում: Անհրաժեշտության դեպքում, հնարավոր է համագործակցեմ պետական այլ կառույցների հետ ևս:

-Ի՞նչ եք կարծում, բացի այս ծրագրին մասնակցելուց սփյուռքահայերը ինչպե՞ս կարող են նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Սփյուռքում բնակվող հայերի մեծամասնությունը խանդավառությամբ էր հետևում և անհամբեր սպասում էր վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հանգուցալուծմանը: Վստահաբար, արտասահմանի հայերը մեծ ներդրում և մասնակցություն պետք է ունենան հայրենաշինության ծրագրերի մեջ, տարբեր եղանակներով իրենց իղձերը իրականացնեն` հայրենիքի վերելքին նպաստելու համար: Դա կարող է լինել զբոսաշրջության ոլորտում, Հայաստանի տարբեր շրջաններում բնակելի շենքեր, գործարաններ կառուցելով, արձակուրդները հայրենիքում անցկացնելով, փոքր հիմնարկներ, պանդոկներ ստեղծելով, առևտրական, տնտեսական նախաձեռնություններ ձեռնարկելով մինչև անգամ՝ իրենց ունեցվածքի մի մասը Հայաստան բերելով և այլն:

Միլենա Մկրտչյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս