«ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իր բոլոր հնարավորություններով կարող է մեծամասամբ բավարարել ՀՀ կառավարության սպասելիքները ԵՄ-ից». Սյուզան Ստյուարտ
«Հայաստանի ասոցիացում ԵՄ-ին չի դիտարկում ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՀՀ-ն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով Եվրոպական միությունից ՀՀ նոր կառավարության սպասելիքներին:
Սյուզան Ստյուարտի խոսքով՝ դժվար է հասկանալ, թե ինչ խոստումներ պետք է տային ԵՄ պաշտոնյաները նորընտիր ղեկավարությանը, որն աշխատում է միայն մի փոքր ժամանակահատված, որի ընթացքում, ինչպես երևում է, եվրոպական կողմի հետ կոնտակտները չեն հասցրել նույնիսկ հաստատել: Սա, նրա որակմամբ, շատ կարճ ժամանակահատված է՝ գնահատելու Կառավարության` բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունը, դիտարկելու համար նրանց առաջարկները և համարժեք պատասխան տալու: Ստյուարտի կարծիքով, նման իրավիճակ ստեղծվեց այն պատճառով, որ չկա ԵՄ-ի հետ աշխատելու փորձ, ինչը կարճ ժամանակում իր տեղը կընկնի:
«Կարծում եմ` եվրոպական կողմից հնչող հայտարարությունների և քաղաքականության միջև անհամարժեքություն չկա, քանի որ ԵՄ-ն ողջունում է, որ Հայաստանում ժողովրդի կամքը հասավ իր նպատակին, բայց սա չի ենթադրում ԵՄ-ի հետ հարաբերությունների որակի և ծավալի փոփոխություն, ֆինանսավորման ավելացում և այլն, հատկապես, երբ ԵՄ-ի ուղղությամբ նոր կառավարությունն առանձնահատուկ ջանքեր չի ներդնում: Հստակ ազդակներ առանձնապես չեն հնչել, բացառությամբ այն հայտարարության, որ ԵՄ պատվիրակությանն առաջարկներ են ներկայացվելու աջակցության փաթեթի վերաբերյալ:
Աջակցությունը տրամադրվում է ինչ-որ ծրագրերի, փաստաթղթերի գործիքների շրջանակում, Հայաստանը դրանցից շատերից օգտվում է և կարող է օգտագործելով առկա հնարավորությունները՝ աջակցություն ստանալ ԵՄ-ից:
Եթե, բնականաբար, այդ գործիքներն ու փաստաթղթերը բավարար չլինեն, Հայաստանը պետք է ձգտի ընդլայնել իր քաղաքական շրջանակը՝ ավելի լայն աջակցություն ստանալու համար բարեփոխումների այն փաթեթի համար, որը ենթադրվում է քաղաքական ավելի բարձր հանձնառության պայմաններում: Հայաստանի դեպքում ավելի բարձր մակարդակն ասոցիացումն է, ինչը, կարծում եմ, չի դիտարկվում կողմերից ոչ մեկի կողմից, քանի որ ներկայիս ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բավականին երկար ժամանակ պահանջեց բանակցելու և ավարտին հասցնելու համար, այն ներկայումս նույնիսկ ԵՄ-ի կողմից լիովին վավերացված չէ և Հայաստանի կողմից մասնակի կիրարկման փուլում է գտնվում:
Այսինքն` նույնիսկ այս համաձայնագիրը Հայաստանը դեռ նոր է սկսում իրականացնել, և կարծում եմ` այն իր բոլոր հնարավորություններով կարող է մեծամասամբ բավարարել Կառավարության սպասելիքները, ուստի կարելի է փորձել այս համաձայնագրի վրա կենտրոնանալով՝ իրականացնել բարեփոխումներ:
Բայց մյուս կողմից՝ հասկանում եմ, որ նոր կառավարությունը, չցանկանալով արտաքին քաղաքականության ոլորտում փոփոխություններ իրականացնել, ցանկանալով ԵՄ-ի հետ պահպանել ներկայիս օրակարգը, փորձում է նաև ցույց տալ, որ բարեփոխումների հարցում ավելին է անելու, քան նախկին իշխանությունները, այս ոլորտում ավելի մեծ հանձնառություն ունի, քան նախորդները»,- նման կարծիք հայտնեց գերմանացի քաղաքագետը:
Նրա խոսքով, հաշվի առնելով ԵՄ հայտարարությունները, ԵՄ-ն հակված է դրական հանգուցալուծում տալ ՀՀ կառավարության առաջարկներին:
«Սակայն, կարծում եմ` մինչ ֆինանսավորման ավելացումը մեծ աշխատանք կպահանջվի իրականացնել մշակելու և առաջարկները ձևավորելու համար, ԵՄ-ից ևս ժամանակ կպահանջվի դա ուսումնասիրելու և պատասխանելու համար: Կարծում եմ` առավել հրատապ կդիտարկվեն ԸՕ-ի փոփոխությունները, քանի որ, ինչպես դեսպանն ասաց, այս հարցում շատ քիչ ժամանակ են ունենալու և պետք է արագ գործեն, որպեսզի կարողանան աջակցել Հայաստանում արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը նոր իշխանությունների օրոք»,- ասաց Ստյուարտը: