Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել
ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը քիչ առաջ տեղեկացրել է, որ դիմում է գրել՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ.
«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։
Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք…
Հ.Գ. խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ»:
Հիշեցնենք, որ «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը «Կիրակնօրյա Междусобойчик Կոստյայի հետ #08» յութուբյան թողարկման ընթացքում օրեր առաջ հայտարարել էր, որ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն ամենագործուն մասնակցությունն է ունեցել «թավշյա հեղափոխությանը», նշելով, որ «Նիկոլ Փաշինյանի, այսինքն՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը «Կյանքի խոսք» աղանդից է՝ երիտթևից»։
168.am-ի զրույցում վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը հաստատել էր, որ ինքը «Կյանքի խոսք»-ի անդամ է. «Ես այդ դավանանքի հետևորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»։