Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմանները կխորացնեն համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակության և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աշխատակազմի ներկայացուցիչների միջև հուլիսի 17-ին տեղի են ունեցել փորձի փոխանակման քննարկումներ:
Ինչպես տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, նույն օրը պատվիրակության անդամները ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և հարգել անմեղ զոհերի հիշատակը։
Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել համատեղ այց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի սկզբունքներին, ինչպես նաև առանձնազրույց են ունեցել այնտեղ պահվող վրացի դատապարտյալի հետ։
Եռօրյա այցի ընթացքում կայացել է նաև քննարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի վերաբերյալ և պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը խոշտանգումների դեմ պայքարում։