«Նիկոլ Փաշինյանի թիմի համար ամենաընդունելի տարբերակն է, որ ցրվի ավագանին». քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը համոզված է, որ հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ տեղի կունենա գրեթե նույնը, ինչ եղավ մայիսի 1-ին և 8-ին ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ Ազգային ժողովում: Այսինքն՝ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը թեկնածու չի առաջադրի և կողմ կքվեարկի ավագանու «Ելք» խմբակցության թեկնածուին։

«Նույն բանն է, եթե «Ելքը» թեկնածու առաջադրի, ՀՀԿ-ն մեխանիկորեն կողմ կքվեարկի, այսինքն՝ տեղի կունենա այն, ինչ ԱԺ-ում մայիսի 8-ին, այսինքն՝ կունենանք ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների կրկնօրինակը Երևանի ավագանիում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ հիմա ՀՀԿ-ին բացարձակ ձեռնտու չէ սաբոտաժի գնալ և պարտադրել արտահերթ ընտրություններ։ Գ. Համբարյանի կարծիքով՝ հանրապետականները կողմ կքվեարկեն և մեխանիկորեն կչեզոքացնեն այն վտանգը, որ Երևանի ավագանին ցրվի։

Հարցին՝ իսկ եթե այնուամենայնիվ դեմ քվեարկեն և ավագանին ցրվի, ի՞նչ կլինի, Գ.Համբարյանը պատասխանեց, որ մեխանիկորեն, ՏԻՄ օրենքի համաձայն՝ ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն, որը, իհարկե, լիովին այլ արդյունք կապահովի, և մեխանիկորեն այդ պարագայում բավականին ուժեղ դիրքեր կունենա «Ելքը»։

«Ոչ միայն հասարակությունն է հետհեղափոխական էյֆորիայի մեջ, այլ նաև «Ելքն» է էյֆորիկ վիճակում։ Նիկոլ Փաշինյանի թիմի համար ամենաընդունելի տարբերակն է, որ ցրվի ավագանին, և արտահերթ ընտրրությունններ լինեն։ Բայց ես չեմ կարծում, որ ՀՀԿ ֆրակցիան այդ նվերը մատուցի Նիկոլ Փաշինյանին։ Ես համոզված եմ, որ կողմ կքվեարկեն և կչեզոքացնեն այդ վտանգը»,- ասաց Գ.Համբարյանը։

Հ.Գ. ՔԻչ առաջ «Ելքը» հայտարարություն է տարածել, որ հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում «Ելք» խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին

Տեսանյութեր

Լրահոս