Հարց Դավիթ Անանյանին՝ հրաժարակա՞ն եք տալու. «Իհա՛րկե»
«Եթե հանրությունն այս զարթոնքից հետո նոր դեմքեր չի տեսնում, հնարավոր է, որ իր մոտ առաջանան որոշակի դժգոհություններ: Օրինակ՝ ասում են՝ դեմքերը, որոնք 20-25 տարի աշխատել են համակարգում, ինչո՞ւ են պաշտոն ստանում: Ես ունեմ իմ տեսլականը, մտածելակերպն այդ առումով: Այո՛, մենք ներքևից ՊԵԿ-ը համալրում ենք երիտասարդ կադրերով: Այդ հոսքը մեծ չափով այս պահին իրականացվում է, բայց վերևի մակարդակում, որոշումներ կայացնողների իմ որդեգրած քաղաքականությունն այն է, որ ես վստահում եմ նախկին կադրերին կամ փորձառություն ունեցող կադրերին: Մենք մի հարց պետք է տանք, արդյոք հեղափոխության ու զարթոնքի շահառուները բոլորս հավասար չե՞նք: Օրինակ՝ ՊԵԿ-ում նախկինում 20-13 տարի աշխատած պաշտոնյան իրավունք ունի՞ նոր մտածելակերպով լծվի այս գործին: Ես կարծում եմ, որ ունի: Հարցն այն է, թե ինչ խնդիրներ են դրված ՊԵԿ-ի առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով համակարգում կադրային նշանակումների մասին:
Ըստ նրա՝ ինքը վստահում է նախկին, փորձառություն ունեցող կադրերին, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս վերապահումներ ուներ իր առաջարկած կադրերի վերաբերյալ. «Մենք զրուցել ենք այդ թեմայով և եկել ենք այսպիսի պայմանավորվածության՝ եթե ՊԵԿ-ն իր առջև դրված խնդիրներն ամբողջ ծավալով իրականացնում է, ապա կադրային նշանակումները ըստ էության ճիշտ էին: Եթե չի իրականացնում, մենք պետք է հետևություններ անենք: Եվ այդ պարագայում ես իմ նշանակումներով հանդերձ՝ ՊԵԿ-ում որևէ անելիք չեմ ունենալու»:
Հարցին՝ հրաժարակա՞ն եք տալու, Դ.Անանյանը պատասխանեց. «Իհա՛րկե»։
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի, որը ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի եղբոր՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի սանիկն է, նկատմամբ հարուցված ծառայողական քննությունը դեռևս ընթացքի մեջ է. «Ծառայողական քննությունը շարունակվում է, կավարտվի՝ կտեսնենք»:
Մանրամասները՝ տեսանյութում