«Տարոն Մարգարյանը ՀՀԿ խմբակցության անդամներից պահանջել է, որ որևէ մեկն այս պահին հրաժարականի դիմում չներկայացնի». Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ սոցցանցերի քննարկումներին, ըստ որոնց՝ ինքը պետք է դառնա քաղաքապետ, և նշեց, որ դա իր համար անակնկալ էր, քաղաքապետի պաշտոնի հավակնություններ երբեք չի ունեցել։
«Սա երևի քաղաքացիների որոշ մասի ցանկությունն էր։ Իհարկե, անչափ հաճելի է, բայց դա որոշ զանգվածի գնահատականն է՝ մեկ տարվա աշխատանքի։ Դրական և բացասական արձագանքները որևէ կերպ ինձ չեն կաշկանդում։ Ցավալի է, որ իմ ընկերներից, մտերիմներից շատերը կեղծ էջերով սկսել են հարձակում, բայց դա էլ եմ նորմալ համարում։ Անուններ չեմ ուզում տալ, բայց ես այդտեղ էլ որևէ խնդիր չեմ տեսնում»։
Նա ասաց, որ իր և Զարուհի Փոստանջյանի նկարներով տարբեր կայքերում օնլայն հարցումներ է տեսել, չի հետևում դրանց, որովհետև չի քվեարկել։
«Այս պահին իմ տարիքը չի համապատասխանում, որ որպես ավագանու անդամ՝ ընտրվեմ քաղաքապետ։ Ես սեպտեմբերի 4-ին նոր 30 տարեկան եմ դառնում։ Դա չի նշանակում, որ արտահերթի ժամանակ չեմ համապատասխանի»,- նկատեց նա։
Լրագրողները, այնուամենայնիվ, հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ հենց իր անունը սկսեց շրջանառվել, ինչին ի պատասխան՝ Թեհիմա Վարդանյանը հետևյալն ասաց. «Չեմ կարող ասել, որևէ կասկած չունեմ, թե որտեղից է հեղինակը։ Վերջին օրերին ինձ անծանոթ մարդիկ սկսում են նկարներս տարածել և գրել՝ իմ քաղաքապետի թեկնածուն։ Կարծում եմ՝ սա որոշակիորեն բերեց նրան, որ քաղաքապետի հրաժարականից հետո այդ լուրը տարածվեց: Արդեն ընկերական շրջապատում ընկերներս կատակում են, ասելով՝ երևի Խորվաթիայի նախագահի հայտնվելուց հետո դա եղավ»:
Հարցին՝ կարո՞ղ է կառավարման ճգնաժամի առաջ կանգնենք, նա պատասխանեց. «Տարոն Մարգարյանի հրաժարականի օրը նիստ է եղել, որին մասնակցել են ՀՀԿ խմբակցության անդամները, և մեր տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը նրանցից պահանջել է, որ որևէ մեկն այս պահին հրաժարականի դիմում չներկայացնի, շարունակեն աշխատել, ինչպես նախկինում են աշխատել՝ մինչև ընտրությունները։ Այդ մասով այս պահին մի փոքր ավելի հանգիստ ենք, որովհետև քաղաքային տնտեսությունն ահռելի բան է, և աղետալի կլինի, որ որևէ վարչական շրջան կամ որևէ վարչություն 10-15 օր չաշխատի»։