«Մի պահ արգելակի, շատ ոգևորված խոսում ես, բայց միգուցե մենք էլ ենք ողջամիտ բան ասում». Դավիթ Հարությունյանը՝ Դանիել Իոաննիսյանին

«Հանրային վստահությունն ընկնում է, երբ ընտրություններից 40 օր առաջ հրապարակվում է 2.6 մլն ընտրողների ցուցակ, երբ պաշտոնապես անչափահասներին էլ հաշված 3 մլն-ի չի հասնում բնակչության թիվը»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետին կից ԸՕ փոփոխությունների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով ընտրողների ցուցակները մաքրելու խնդրի մասին :

ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը նկատեց, որ պետք է բացատրել, որ Հանրապետությունից բացակա քաղաքացիներն էլ են ներառված:

«Նժարին դրեք այնպիսի արժեքներ, որ համադրելի են»,- հորդորեց ՀՀԿ-ական պատգամավոր Ափինե Հովհաննիսյանը:

«Մի պահ արգելակի, շատ ոգևորված խոսում ես, բայց միգուցե մենք էլ ենք ողջամիտ բան ասում»,- Դանիել Իոաննիսյանին դիմեց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ նրան մեղադրելով անվստահություն սերմանելու մեջ:

Նրա խոսքով՝ Իոաննիսյանի ոչ բոլոր փաստարկներն են այդպես, օրինակ՝ գուցե մարդը բիոմետրիկ անձնագիրրը հանձնել է դեսպանատուն և եկել է քվերակության սովորական անձնագրով, այսինքն՝ պետք է ցուցակ կազմել միայն նրանց, ով չունի որևէ վավեր փաստաթուղթ:

Դ.Հարությունյանն առաջարկեց հանձնաժողովը քննարկման առարկա դարձնի իրենց առաջարկը՝ ձայնային ազդանշանով սարքի կիրառման և լրացուցիչ ցուցակի մասին:

Դ.Իոաննիսյանը Հանրապետականներին մեղադրեց իրեն չլսելու, ճիշտ չհասկանալու մեջ և նշեց, որ խոսքն այն մասին է, որ որևէ վավեր անձնագիր ունեցող քաղաքացին կարողանա քվեարկել:

«Մենք ճիշտ ենք հասկանում, բայց համաձայն չենք»,- հակադարձեց Վիգեն Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս