Բաժիններ՝

Ռայմոնդ Գևորգյանը պատասխանում է Հայկ Դեմոյանի մեղադրանքներին

«Այդ հայտարարությունը մեր աշխատանքը խոչընդոտելու փորձ էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Ռայմոնդ Գևորգյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հնչեցրած մեղադրանքների մասին։

Հիշեցնենք, որ Հ. Դեմոյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմի մասին, ասել էր.

«Անհասկանալի մարդիկ են, եթե չասեմ, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր խոչընդոտել, վարկաբեկել են թանգարանի գործունեությունը՝ Աշոտ Մելքոնյան, Ռայմոնդ Գևորգյան։ Նա նաև նշել է, որ Ռայմոնդ Գևորգյանը երկու տարի շարունակ Փարիզի ցուցադրությունը խափանում էր»:

Այսօր Ռ. Գևորգյանն ասաց, որ նման բան չի եղել:

«Գործը տրված էր Հայկ Դեմոյանին, ես գործ չունեի այդ ծրագրի մեջ։ Որոշվեց, որ պետք է տապալվեր ամբողջ ցուցահանդեսը, քանի որ ծրագիր չկար, որը կներկայացվեր քաղաքապետարանին։ Այդ ժամանակ հրավիրվեցի դեսպանատուն, ու ինձ խնդրեցին՝ միջամտեմ և ծրագիրը մշակեմ։ Ես պաշտոնապես նշանակվեցի գործը կազմակերպող. գործը սկսեցի, ամբողջ ամառ աշխատեցի, որ սեպտեմբերի սկզբին քաղաքապետարան ներկայացնեմ ծրագիրը։ Կարծեմ՝ քաղաքապետարանի աշխատողների մեծ մասը դեմ էր այդ ծրագրին, ու այս պարագայում ստիպված եղանք կազմակերպել, ժողով անել։

Երբ արդեն ծրագիրս անցել էր, պարոն Դեմոյանը գրեց՝ ասելու, որ ինքն է ծրագրի ղեկավարը, ես չուզեցի նման զարմանալի բանին պատասխանեմ, ու խնդրեցի, որ դեսպանատունն ինքը պատասխանի նրան։

Արդյունքում՝ Փարիզի քաղաքապետարանն ընդունեց Ցեղասպանության ինստիտուտի իրերը։ Ինքը հայտարարում է՝ արգելք եղավ, մարդիկ փորձեցին խանգարել, և այլն, պարզապես բանակցություններ էին մեծ հաստատության հետ, կարիք կար տարբեր ուժեր լարելու՝ թե՛ համայնքի, թե՛ դեսպանատան կողմից, որպեսզի ինչ-որ բան ստացվեր»,- պատմեց Ռ. Գևորգյանը։

Լրագրողներից մեկը նաև հիշեցրեց, որ Հ. Դեմոյանն ասել է, թե Փարիզ տարված ցուցանմուշներից մեկը կորել է, որը եղել է Ռ. Գևորգյանի պատասխանատվության տակ, ինչից հետո Ռ. Գևորգյանին 20 նամակ է ուղղվել, որոնց նա չի պատասխանել։

Ի պատասխան՝ Ռ. Գևորգյանն ասաց, որ ցուցահանդեսի իրերի հարցով ոչ թե ինքն է զբաղվել, այլ՝ քաղաքապետարանը.

«Երբ նամակ եկավ, պատասխանեցին, անպատասխան չեմ թողել, քաղաքապետարանի աշխատողների հետ ճշտել եմ, իրերից մեկը, որը փորագրված տպագրություն էր, հատուկ շրջանակի մեջ հասավ Փարիզ, ու որպեսզի հին շրջանակը նորով տեղավորվի, սա մյուս իրերի հետ չի վերադարձվել։ Դեսպանատան կողմից վարորդ է եկել քաղաքապետարանից այդ իրը վերցնելու համար, ու դրանից հետո չգիտեմ՝ ինչ է եղել»։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ ընդգծեց, որ նախկինում Ցեղասպանության թանգարանը չի ունեցել հոգաբարձուների խորհուրդ.

«Սա առաջին անգամն է, որ ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդ, ու Ռայմոնդ Գևորգյանն առաջին հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Ես սպասում էի, որ պարոն Դեմոյանը կկիսեր իր պատկերացումներն այս նոր կարգավիճակով թանգարան-ինստիտուտի աշխատանքի մասին»։

Հ. Խառատյանը նկատեց, որ Հայկ Դեմոյանը փորձել է բացասական երանգներով խոսել այդ նոր խորհրդի մասին.

«Բայց ես իրեն ճանաչելով՝ կարող եմ ասել, որ նա ստույգ գիտի և մեծ համակրանք է ունեցել պարոն Ռայմոնդ Գևորգյանի վաստակի և անձի նկատմամբ, հատկապես, որ խորհրդի դրսի անդամներից պարոն Գևորգյանն է միակը, որը կյանքի մեծ մասն անց է կացնում Հայաստանում ու շատ սերտ է կապված Հայաստանի զարգացումների հետ»։

Խոսելով թանգարանի հետագա աշխատանքների մասին՝ Ռ. Գևորգյանը նախ նշեց, որ ինքն այսօր ճշգրիտ պատկերացում չունի թանգարանի վիճակի մասին.

«Բայց ենթադրում եմ, որ իրապես առողջ մթնոլորտ չէ։ Պետք է փորձենք հիմա նոր հիմքերի վրա նոր կարգ ու կանոն բերել, նոր տնօրեն նշանակել։ Հիմա կապված ենք Կրթության և գիտության նախարարության հետ, պարզ է, որ թանգարանը մեծ դեր կարող է ունենալ ցեղասպանության և մասսայական ոճիրների դաստիարակչական ոլորտում, ոչ միայն՝ համալսարանական մակարդակում, այլ՝ ընդհանարպես կրթական համակարգում»։

Ռ. Գևորգյանը գտնում է՝ ուսուցիչների համար պետք է սեմինարներ կազմակերպեն, վերապատրաստեն.

«Կարծում եմ՝ պետք չէ Հայոց ցեղասպանությունն առանձնացնել 20-րդ դարի մյուս մասսայական ոճիրներից, պետք է ընդհանուր ոլորտի մեջ դնել դա ու հասկանալ, որ 20-րդ դարի դրսևորումն է, որ երեխաները պետք է սովորեն։ Պետք է նոր գիտական քաղաքականություն որդեգրենք նոր տնօրենի հետ, այս ուղղությամբ շատ անելիքներ կան, բայց առաջին հերթին՝ պետք է ապագայի համար նոր, միջազգային ստանդարտներին համապատասխան գիտնականների սերունդ պատրաստենք»։

Գիտնականը գտնում է նաև կա PR-ի խնդիր.

«Այս թանգարանը պետք է դառնա Երուսաղեմի «Յադ Վաշեմի» նման թանգարան։ «Յադ Վաշեմը» հրեաների հրկիզման տեսակետից ամենաբարձրագույն հաստատությունն է։ Մեր պարագայում թանգարան-ինստիտուտն այս նույն մակարդակին պետք է հասնի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս