Վալերիյ Օսիպյանը այցելել է ճանապարհային ոստիկանություն
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հուլիսի 4-ին Հայաստանի ճանապարհային ոստիկանության 82-ամյակի կապակցությամբ այցելել է ճանապարհային ոստիկանություն:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ոստիկանության պետը նախ եղել է օպերատիվ կառավարման կենտրոնում, որն ի դեպ, աշխատանքը սկսել է ուղիղ մեկ տարի առաջ: Այս ընթացքում կենտրոնի 177 թեժ գիծը ստացել է շուրջ 200.000 ահազանգ, որոնց տրվել է համապատասխան ընթացք:
Վալերիյ Օսիպյանը ծանոթացել է նաև ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոնի աշխատանքային պայմաններին, տվել կոնկրետ հանձնարարականներ՝ ծառայության որակը բարձրացնելու ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանությունում կայացել է ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ժորա Բարսամյանի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության անցած ուղին» գրքի շնորհանդեսը: Գրքում առաջին անգամ ի մի է բերվել և հանգամանորեն ներկայացվել Հայաստանի ճանապարհային ոստիկանության ավելի քան 80 տարվա կատարած աշխատանքը:
Ելույթներ են ունեցել ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, գրքի խմբագիրը և ոստիկանության վետերաններ, որոնք կարևորել են հեղինակի կատարած ծավալուն աշխատանքը: Նշվել է, որ հավաքագրվել և ժողովածուում ամփոփվել են արխիվային բացառիկ նյութեր:
Ճանապարհային ոստիկանության մասնագիտական տոնի և գրքի լույս ընծայման կապակցությամբ շնորհավորական խոսք է ասել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Միջոցառման ավարտին ոստիկանության պետը գրքի հեղինակին պարգևատրել է «Ոստիկանություն 100-ամյակ» հոբելյանական մեդալով: