Բաժիններ՝

Կառավարությունը 25 մարզիկներից զինվորական ծառայությունից տարկետում կտա 21-ին. 4-ի նկատմամբ տարկետման կիրառումը համարվել է աննպատակահարմար

ՀՀ կառավարությունը կքննարկի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը: Այն ընդգրկված է գործադիրի հուլիսի 4-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:

Միջազգային մրցումներին մասնակցելը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է համաշխարհային օլիմպիական շարժմանը, և առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները միջազգային մրցասպարեզներում՝ ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակների, երիտասարդների, պատանիների), ամառային և ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճելով՝ բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը:

«Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում չստանան։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը»,- ասված է հիմնավորման մեջ:

Միաժամանակ, Պաշտանության նախարարությունը եզրակացություն է ներկայացրել, ըստ որի, ներկայացված 25 քաղաքացիներից 21-ին ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի ու 6-րդ կետի հիման վրա առաջարկվող ժամկետներով տարկետում տրամադրելու վերաբերյալ առարկություններ չկան:

Եզրակացությունում նշվում է նաև, որ Առաքել Հովհաննեսի Մովսեսյանին (ծնվ.՝ 2000 թ., ըմբշամարտիկ, 2017 թ. պատ. Եվրոպայի առաջնություն 3-րդ տեղ) և Կարեն Ենոքի Հովհաննիսյանին (ծնվ.՝ 2000թ., Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ) ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տալու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ վերջիններս նախկին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ կառավարության 13.01.2000թ. N 15 որոշման «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում օգտվում են ձեռք բերված տարկետումը ձևակերպելու իրավունքից՝ Ա. Մովսեսյանը որպես Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 2-րդ կուրսի ուսանող՝ մինչև 2020 թ. ամառային զորակոչը, իսկ Կ. Հովհաննիսյանը՝ որպես Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող՝ մինչև 2021թ. ամառային զորակոչը:

Ոչ նպատակահարմար են համարվել նաև Արման Ալբերտի Միքայելյանին (ծնվ.՝ 1996թ., շախմատ, 2011թ. համաշխարհային պատ. օլիմպիադա, 2-րդ տեղ) և Վահե Հրաչյայի Բաղդասարյանին (ծնվ.՝ 1993թ. շախմատ, 2009թ. համաշխարհային պատ. օլիմպիադա, 3-րդ տեղ) տարկետման տրամադրումը, քանի որ տեղեկատվություն առկա չէ վերը նշված ժամկետներից հետո այդ քաղաքացիների կողմից մարզաձևում ունեցած շարունակական կամ առնվազն այլ հաջողություններ ունենալու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս