«Նման բան չկա, որ ասեմ, թե կաշառք են վերցնում, փող են վերցնում». Հերբերտ Համբարձումյանը՝ Լարսի անցակետում բեռնատարների կուտակումների մասին

«Այնտեղ որևիցե խնդիր չկա, ուղղակի հերթ է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը՝ մեկնաբանելով այս օրերին Լարսի անցակետում հայկական մոտ 1500 բեռնատարների կուտակումների մասին հարցը։

Ըստ նրա՝ վրացական կողմն ինչ-որ կայանատեղի է կառուցել և մաքսակետով անցնող մեքենաներն այնտեղից են բաց թողնում։ Հ.Համբարձումյանի խոսքով՝ ռուսական կողմն է դժգոհում, որ դանդաղ են աշխատում, և այլն. «Բայց որ ասեմ՝ խանգարող բան կա, փլուզում կա, եղանակային պայմաններ կան, և այլն, չկա նման բան, ոչ մի բան չկա։ Ուղղակի հերթ է, որը կարող է լինել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»։

Միության նախագահը նշեց, որ երեկ խոսել է Վրաստանի էկոնոմիկայի, ճանապարհաշինության փոխնախարարների ու տեսչության պետի տեղակալի հետ. «Կանխամտածված ոչ մի բան չկա, դա արված է քաշքշուկներից ազատվելու համար։ Ի՞նչ տարբերություն՝ կայանատեղիում կանգնե՞ն, թե՞ գնան սահմանին իրար հետ կռիվ անեն։ Կայանատեղիում հանգիստ կանգնած են, մեքենաները դուրս են գնում, հաջորդներին են բաց թողնում։ Այդպիսով հարցը կարգավորվում է։ Նման բան չկա, որ ասեմ, թե կաշառք են վերցնում, փող են վերցնում»։

Նշենք, որ վրացի և ռուս գործընկերների հետ բանակցում են նաև ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության աշխատակիցները։ Ըստ նախարարության պարզաբանման՝ խնդիրը վրացական անցակետում ներդրված համակարգի հետ է կապված, որը ենթադրում է տոմսի ամրագրում:

Տեսանյութեր

Լրահոս