«Ով է լինելու ընդդիմություն, ով՝ իշխանություն, պետք է որոշեն ընտրողները». Անդրիաս Ղուկասյան
«Մենք երկրում ունեցել ենք քրեական ռեժիմ, իշխանության յուրացում, համակարգված կոռուպցիա, ընդհուպ՝ մինչև պետական շահերի դավաճանություն։ Ընդդիմություն համարվում էին այն ուժերը, ովքեր դեմ էին դուրս գալիս այդ իրավիճակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց նորաստեղծ «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունն այդ ժամանակ եղել է մի քանի տեսակի.
«Ռադիկալ ընդդիմությունից սկսած՝ ունեցել ենք իշխանության հետ կոմպրոմիսի գնացող ուժեր։ Այսօր այդ դասական առումով մեր պատկերացումները պետք է փոխվեն։ Ընդդիմություն է լինելու այն ուժը, որը բավարար քվե չի հավաքի ընտրություններում, և որը չի դառնալու իշխանություն։ Ով է լինելու ընդդիմություն, ով՝ իշխանություն, պետք է որոշեն ընտրողները։ Այսօր յուրաքանչյուր քաղաքական ուժ հանդես է գալու իր տեսլականով, աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ, ներքին փոփոխությունների ծրագրով, և հանրությունը կորոշի՝ ով է ընդդիմություն, ով՝ իշխանություն»։
Ինչպես կուսակցության առաջին համագումարի օրը, այդպես էլ այսօր Ղուկասյանն ընդգծեց, որ հիմա իրենք ժամանակավոր կառավարության կողքին են, ինչով հնարավոր է՝ պատրաստ են աջակցել։