Ի՞նչ առաջընթաց կա վիզաների ազատականացման հարցով
«Նախորդ պայմանագիրը ռեադմիսիայի մասին դեռ ամբողջությամբ կյանքի չի կոչվել: Այսպես են մեզ ասում մեր եվրոպացի գործընկերները: Ճիշտ են ասում: Դա կյանքի կոչելու համար ժամանակ է պետք: Հայաստանը պետք է եվրոպական մի շարք երկրների հետ երկկողմ պայմանագրեր կնքի ռեադմիսիայի մասին: Մենք ասում ենք` եկեք զուգահեռ տանենք այս երկու օրակարգերը, մի կողմից՝ աշխատենք ռեադմիսիայի համաձայնագրի, և զուգահեռ` վիզաների ազատականացման վրա, որովհետև երկուսն էլ կարևոր են և ժամանակատար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ առաջընթաց կա վիզաների ազատականացման հարցով:
Ըստ նրա` Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզաների ազատականացման համաձայնագրերը շատ կարևոր էին միջմարդկային կոնտակտները դյուրացնելու համար, բայց դա ուներ նաև դարձերես, և այդ երկրների քաղաքացիների կողմից չարաշահումները գնալով շատանում են, տասնյակ հազարավոր դեպքեր են պատմում, որ և՛ Ուկրաինայի, և՛ Վրաստանի քաղաքացիների հետ կապված ոչ օրինական միգրացիա է տեղի ունենում.
«Եվրոպացի չինովնիկները մտածում են, որ պետք չէ շտապել, բայց մենք ասում ենք, որ Հայաստանը չպետք է տուժի, եթե այլ երկրների հետ կան խնդիրներ: Բայց հասկանալի է, որ, եթե մի օր մտցվի այդ ռեժիմը, մեր քաղաքացիներն էլ կլինեն ոչ շատ օրինապաշտ»:
Ամեն դեպքում Ա.Աշոտյանը նշեց, որ մինչև Եվրոպական խորհրդարանի ընտրություններ տեսանելի արդյունքներ չի սպասում վիզայի ազատականացման հարցում, բայց պետք է աշխատել, որ դրանցից հետո գործընթացն արագանա: