Ակնկալում եմ, որ դատախազությունը սզկբունքային դիրքորոշում կունենա պետական շահերի պաշտպանության ոլորտում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 100-րդ հոբելյանի և դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Վարչապետը շնորհավորել է դատախազության գործող և պաշտոնաթող բոլոր աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ և նշել. «Որևէ մեկը չի կարող ժխտել, որ իր գոյության ողջ ընթացքում դատախազությունն առանցքային դերակատարում է ունեցել հանցավորության դեմ պայքարի գործում: Կարելի է պատկերացնել, թե 100 տարի առաջ, երբ Հայաստանի Հանրապետությունում հիմնվում էր դատախազությունը, ինչ էր կատարվում մեր հայրենիքում, երբ գործում էին տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հանցավոր զինված խմբեր, ովքեր մեր երկրի տարածքում տարատեսակ հանցավոր գործունեություն էին ծավալում, հիմնականում՝ ավազակային գործունեություն: Բայց կարծում եմ՝ տոնական այս օրը մենք պետք է նաև որոշակի շեշտադրումներ անենք դատախազության 100-ամյա գործունեության կապակցությամբ: Սովորաբար ընդունված է, որ տոնական օրերին խոսում են միայն ձեռքբերումներից, նվաճումներից, հաջողություններից, անբասիր ծառայություններից և գլխավոր դատախազն իր ելույթում այդ ամենի մասին իրավացիորեն խոսեց:
Բայց ես ուզում եմ մենք հատկապես այսօր ընդգծենք, որ հարյուր տարվա գործունեության ընթացքում դատախազության կյանքում եղել են շատ բարդ և վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930-ական թվականների հայտնի իրադարձություններից, որոնք մարդկանց գիտակցության և պատմության մեջ մնացել են որպես 37 թվական, շարունակած ՀՀ անկախության համար պայքարողների նկատմամբ հետապնդումներից, որոնք նույնպես տեղի են ունեցել խորհրդային տարիներին: Ցավոք, անկախության վերականգումից հետո նույնպես դատախազության գործունեության էջերը միշտ չէ որ տոնական բառապաշարով և տոնական տրամադրությամբ են հագեցած եղել:
Ներքաղաքական կոնֆլիկտների, ներքաղաքական պայքարի բովում իհարկե եղել են վիճահարույց, ակնհայտ սխալ, ակնհայտ անթույլատրելի, ակնհայտ անօրինական քայլեր, որոշումներ և բոլորս այդ մասին գիտենք: Բայց ես սա չեմ ասում՝ մեր տոնը, ձեր տոնը փչացնելու համար: Ես սա ասում եմ՝ ընդգծելու համար իմ համոզմունքը և ակնհայտ իրողությունը, որ ինչպես մեր պետական մյուս մարմինների համար՝ դատախազության համար նույնպես բացվել է նոր էջ, որը մեծ հնարավորություն է ինչպես Հայաստանի Հանրապետության համար, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես իրավապահ, պետական բոլոր մարմինների համար, այնպես էլ դատախազության համար:
Այդ նոր էջի ամենաառանցքային սկզբունքը հետևյալն է. նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն և այդ պատասխանատվությունը պետք է լինի համաչափ, իրավաչափ և արդարացի, անմեղները պետք է ընդհանրապես որևէ հետապնդման չենթարկվեն, տուժողների իրավունքները պետք է լրջագույնս պաշտպանվեն, դատավարության բոլոր կողմերի իրավունքները պետք է պաշտպանվեն, նույնիսկ դատապարտյալների, մեղադրյալների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանվեն և սա դատախազության կարևորագույն գործառույթներից մեկն է: Կարծում եմ՝ բոլորիս համար ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների կարևորագույն պահանջն արդարության պահանջն է և արդարության պահանջն ի կատար ածելու, իրագործելու գործում դատախազության դերը դժվար է գերագնահատել:
Ըստ էության, դատախազությունն արդարության ապահովման ճանապարհի ամենակարևոր խաչմերուկն է և շատ կարևոր է, որ այդ խաչմերուկում լուսացույցը ճիշտ աշխատի՝ օրենքին, իրավունքին, տրամաբանությանը համապատասխան: Եվ ուրեմն, նոր Հայաստանում դատախազության կարևորագույն խնդիրն է՝ ապահովել օրինականությունը, օրինական այն առումով, որ նա չպետք է հաշվի առնի, թե ով է օրիանականության հետ առնչվող օբյեկտը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող պաշտոնյա, թե նախկին պաշտոնյա: Այս վերաբերմունքը, այս հարաբերությունը որևէ կապ չպետք է ունենա քաղաքական որևէ կոնյուկտուրայի, քաղաքական որևէ ենթատեքստի հետ:
Նոր Հայաստանում կարևորագույն գործառույթ է կոռուպցիայի դեմ պայքարը, որում նույնպես իրավապահ մարմինները դատախազության վերահսկողության ներքո պետք է լինեն չափազանց սկզբունքային: Բացարձակապես կապ պետք է չունենա ով է կոռուպցիոները՝ գործող պաշտոնյա, նախկին պաշտոնյա, թե որևէ այլ սուբյեկտ: Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և այս սկզբունքն ապահովող կարևորագույն մարմիններից մեկը, եթե չասենք առանցքային մարմինը, ՀՀ դատախազությունն է: Կարևորագույն գործառույթ է նաև պետական շահերի պաշտպանությունը և ես ակնկալում եմ, որ Հայաստանի դատախազությունը սզկբունքային դիրքորոշում կունենա և սկզբունքային գործունեություն կծավալի պետական շահերի պաշտպանության ոլորտում:
Տիկնայք և պարոնայք,
Հարգելի՛ հյուրեր,
Դատախազության գործող և պաշտոնաթող աշխատողներ, ևս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել դատախազության 100-ամյակի և դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Ուզում եմ հույս հայտնել, որ սրանից հետո ամեն տարվա հետ ավելի ու ավելի շատ ՀՀ քաղաքացիներ սա կհամարեն նաև իրենց տոնը և ամեն տարվա հետ ավելի ու ավելի շատ թվով քաղաքացիներից ՀՀ դատախազությունը կստանա շնորհավորանքի, բարեմաղթանքի, շնորհակալության անկեղծ խոսքեր:
Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ, իրավական ու երջանիկ Հայաստանում»: