Վրաստանի նորընտիր վարչապետը հայտարարել է, թե որն է լինելու իր առաջին նախաձեռնությունը
Վրաստանի վարչապետի պաշտոնում Մամուկա Բախտաձեի առաջին նախաձեռնությունը կլինի նախարարների կաբինետի անդամների թիվը 14-ից մինչեւ 11 կրճատելը: Այդ մասին Բախտաձեն լրագրողներին հայտարարել է խորհրդարանի կողմից իր կառավարությանն ու ծրագրին վստահության հայտնումից անմիջապես հետ:
Հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանը վստահություն հայտնեց Մամուկա Բախտաձեին, որը վարչապետի պաշտոնում փոխարինել է Գիորգի Կվիրիկաշվիլիին: «Առաջին նախձեռնություններից մեկը, որը ես կներկայացնեմ խորհրդարանին, կլինի փոքր կառավարության հայեցակարգը, որը նախարարությունների թվի կրճատում է նախատեսում մինչեւ 11: Երեք շաբաթից ես կկարողանամ խորհրդարանին ներկայացնել նորացված կաբինետին, որը ինձ հետ միասին իրականացնելու է կառավարության ներկայացրած ծրագիրը»,- ասել է Բախտաձեն:
Դրա հետ մեկտեղ նա չի ճշտել, թե հատկապես որ նախարարություններն են կրճատվելու: «Նոր կաբինետում անպայմանորեն կլինեն նոր դեմքեր: Մենք բանակցություններ ենք վարում շատ հետաքրքիր թեկնածուների հետ»,- հավելել է Բախտաձեն: Ներկայում Վրաստանում կա 13 նախարար եւ մեկ պետնախարար: Ավելի վաղ Մամուկա Բախտաձեն հրապարակել Է իր գերակայությունները վարչապետի պաշտնում: Նա ասել է, թե իր տեսլականը հիմնված կլինի հետեւյալ սկզբունքների վրա.
«Առաջին՝ վրաց ժողովրդի պատմական ընտրությունը ավարտին հասցնելը եւ Վրաստանի լիարժեք ինտեգրումը եվրատլանտյան տարածքում:
Այս տեսակետից «Վրացական երազանքն» ավելի շատ հաջողություններ ունի, եւ այդ հաջողությունները պետք է խորացնել ու ամրապնդել: Երկրորդ՝ ինովացիոն ու հիմնարար բարեփոխումներ կիրականացնենք անհրաժեշտ բոլոր ուղղություններով: Այդ բարեփոխումների արդյունքում մենք կձեւավորենք նոր տնտեսական մոդել՝ խաղի նոր արդարացի կանոններով, որը կվերաբերի Վրաստանի յուրաքանչյուր ընտանիքի, մեր յուրաքանչյուր քաղաքացուն: Մենք կարող ենք ու կկրճատենք խզումը դեմոկրատիայի բարձր ստանդարտի ու տնտեսական դրության միջեւ:
Բանականաբար, կշարունակենք ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն ու ուժեղացումը: Երրորդը՝ փոքր կառավարության հայեցակարգն է, Վրաստանին հարկավոր են փոքր, բայց միեւնույն ժամանակ ճկուն ու արդյունավետ կառավարական գերատեսչություններ: Դրա հետ մեկտեղ նպատակահարմար եմ համարում ուժեղացնել այդ գերատեսչությունների ինստիտուցիոնալ ու հասարակական հսկողությունը, նաեւ հակակոռուպցիոն գծով: Չորրորդ սկզբունքը, որը, պետք է անկեղծ ասեմ, իմ կյանքի գլխավոր գերակայությունն է , կրթությունն է, ինովացիան եւ երիտասարդությունը:
Հենց մոտիվացված, ձեռնարկչական Էնտուզիազմով լի, եւ, որ գլխավորն է, իր հնարավորություններին վստահ երիտասարդությունը կբերի այն արդյունքը, որը Վրաստանին տեղ կապահովի զարգացած տնտեսական երկրների շարքում»: «Հենց այդ Վրաստանն է միակ ու այլընտրանք չունեցող առաջարկը մեր աբխազ ու օս եղբայրներին, որպեսզի նրանք վերադառնան միասնական ընտանիք»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն, հաղորդել է Sputnik-ը: