Բաժիններ՝

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Իլյա Երկրորդին

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել են Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին:

Համայն Վրաստանի Կաթողիկոսը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: «Վրաց Ուղղափառ եկեղեցու անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վրաց և հայ ժողովուրդներն ունեն եղբայրական և բարեկամական դարավոր հարաբերություններ, երբ դժվար է եղել Հայաստանի համար՝ դժվար է եղել նաև Վրաստանի համար ու հակառակը: Մենք ապրում ենք դժվարին ժամանակներ և այս պայմաններում պետք է մեր երկրները սերտ համագործակցությամբ հասնեն խնդիրների լուծմանը: Ուրախ եմ Ձեզ տեսնել Վրաստանում»,- նշել է Համայն Վրաստանի Կաթողիկոսը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իլյա Երկրորդին ընդունելության համար և նրան փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հարգանքներն ու ջերմ ողջույնները: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհավորել է Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյա հոբելյանի կապակցությամբ: «Գիտեմ, որ վրաց ժողովուրդը պատրաստվում է տոնել այդ հոբելյանը: Դուք ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում ու աշխարհում վայելում եք բարձր հեղինակություն, հետագա գահակալման ընթացքում մաղթում եմ նորանոր հաջողություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ այսօրվա մարտահրավերներից մեկը նաև ինքնության, ավանդույթների պահպանման և զարգացման խնդիրն է: «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին և մեր համընդհանուր արժեքներին: Վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու իմ պաշտոնական այցը նոր մակարդակի կբարձրացնեն հայ-վրացական փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: Վրաստանի կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք արդյունավետ բանակցություններ, քննարկել ենք մի շարք հարցեր եղբայրական մթնոլորտում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Վրաստանի իշխանությունների և վրաց եկեղեցու կողմից հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ և վրացի ժողովուրդների կյանքում: Հանդիպման ավարտին պատվիրակության անդամներն ունկնդրել են Իլյա Երկրորդի հեղինակած հոգևոր երաժշտության ստեղծագործություններից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս