Նախագահ Սարգսյանն ընդունել է Ռոզ և Ալեք Փիլիպոս հայկական վարժարանի սաներին և ուսուցիչներին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող Ռոզ և Ալեք Փիլիպոս հայկական վարժարանի ավագ դպրոցի սաներին և ուսուցիչներին։ Հյուրերի թվում էր նաև Կալիֆորնիայի նահանգային սենատի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ, համայնքային գործիչ Պայծառ Թոմասյանը։
Հանդիպմանը վարժարանի սաները նշել են, որ ուխտագնացության են եկել հայրենիք, եղել են նաև Արցախում և կիսվել են իրենց տպավորություններով։ Նախագահը զրուցել է սփյուռքահայ աշակերտների հետ, լսել նրանց կարծիքն ու տեսակետները, պատասխանել տարբեր հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին հայրենիքի հզորացման ու զարգացմանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը և այլն։
Նախագահը վարժարանի սաներին հորդորել է մյուս տարի կրկին այցելել Հայաստան։ «Ձեզնից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ տուն ունի այստեղ։ Սա ձեր տունն է, և Հայաստանի նման լավ տուն աշխարհում չկա։ Դուք փայլուն երիտասարդներ եք, և հպարտ պետք է լինեք, որ հայ եք»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Հանդիպման ավարտին Պայծառ Թոմասյանը ՀՀ նախագահին է փոխանցել Կալիֆորնիայի նահանգային սենատի նախագահի շնորհավորանքը՝ ավելացնելով, որ սփյուռքում կրթված սերունդը նույնպես պատրաստ է ծառայել հայրենիքին։
Նշենք, որ Լոս Անջելեսում 1969 թվականից գործող Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանում շուրջ 1000 աշակերտ է ուսանում։