
«Գագիկ Ծառուկյանի հետ զրուցել ենք և եղել է հանձնարարական՝ եթե ստուգումներ, ապա առաջինն ինձանից». Արթուր Գրիգորյան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն այս պահին որևէ համագործակցություն չունի ԱԱԾ-ի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ընդերքօգտագործման ոլորտում ստուգումներ սկսելու մասին հանձնարարականի մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Ըստ նրա` ուսումնասիրություններն իրականացնում են ընդերքի օգտագործման տեսչության կողմից, ստուգումները կսկսվեն մոտակա ժամանակներում և երբ տեղեկատվություն կլինի, թե ինչ է կատարվում այդ ոլորտում, որոշում կկայացնեն:
Հարցին` արդյոք նախարարը կաշկանդված չէ՞ ոլորտում կոշտ միջոցներ ձեռնարկելու հարցում, քանի որ Գագիկ Ծառուկյանի անունն էլ է կապվում հանքարդյունաբերության հետ, Ա.Գրիգորյանը պատասխանեց.
«Միանշանակ` ոչ: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, որն ունի հանք, ընդերքօգտագործման թույլտվություն, Գագիկ Ծառուկյանի հետ մենք զրուցել ենք և եղել է հանձնարարական, որ եթե ստուգումներ, ապա առաջինն ինձանից»:
Նա վստահեցրեց, որ նախարարության տեսչությունը թափանցիկ կաշխատի և ամեն ինչ կլինի հրապարակային: