
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացումներով հանդես կգա արտերկրում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տարբեր օպերային ներկայացումներով կհյուրընկալվի Ռուսաստանում, Դուբայում, Քուվեյթում և այլ երկրներում: Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:
«Օրերս հրավեր ենք ստացել «Գայանե» բալետը ներկայացնել Մեծ թատրոնի բեմում. մեզ հետ կտանենք նաև Մինաս Ավետիսյանի վրձնով ստեղծված բոլոր դեկորացիաները: Շեշտեմ, որ դա շատ նշանակալի և կարևոր իրադարձություն է, քանի որ մեր բալետի թատերախումբը հանդես չի եկել Մեծ թատրոնում 1975 թվականից ի վեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Օրբելյանի խոսքով՝ սեպտեմբերին Դուբայի օպերային թատրոնում ցուցադրելու են «Կարմեն» օպերայի արդիականացված տարբերակը և «Կախարդական ֆլեյտա»-ի նոր բեմադրությունը:
«Սեպտեմբերի վերջում կմեկնենք Քուվեյթ, որպեսզի օպերային ներկայացմամբ հանդես գանք այնտեղի նոր կառուցված օպերայի շենքում: Կներկայացնենք «Կախարդական ֆլեյտա»-ի առաջին բեմադրությունը մեր հրաշալի արտիստների կատարմամբ»,-ընդգծեց Կոնստանտին Օրբելյանը:
Նա հավելեց, որ Ա. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կհամագործակցի Վիլնյուսի, Բրյուսելի, Իտալիայի, Ֆրանսիայի օպերային թատրոնների հետ: