Հայ օպերային արվեստի վառ ներկայացուցիչները հանդես եկան Եվրոպայի օրվան նվիրված համերգին
Եվրոպայի օրվա կապակցությամբ իրականացված օպերային երաժշտության համերգին մենակատարներ Հասմիկ Թորոսյանը, Հովհաննես Այվազյանը, Սարգիս Աղամալյանը, Մարինե Դեինյանը, Նունե Բադալյանը հատվածներ հնչեցրեցին ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական օպերաներից:
Համերգը տեղի ունեցավ մայիսի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Մինչ տոնական համերգային ծրագրի մեկնարկը այդ մասին լրագրողների հետ զրուցեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:
«Մեզ համար պատիվ է այս նախաձեռնությունն իրականացնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ: Սա Եվրոպայի օրվա տոնակատարությունների ծրագրի մշակութային ամենավառ իրադարձությունն է: Այս տարի միջոցառումները սկսել ենք մայիսի 11-ին Երևանում, այնուհետև շրջել ամբողջ Հայաստանով և կրկին վերադարձել մայրաքաղաք»,-նշեց Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանը շեշտեց, որ համերգն անցկացվում է օպերային ձևաչափով, քանի որ օպերան սիրո մասին է և Հայաստանում վերջերս տեղի ունեցած սիրո էվոլյուցիան ներդաշնակ է կայանալիք միջոցառման հետ:
Կոնստանտին Օրբելյանի խոսքով՝ օպերային թատրոնի ամենավառ և ինքնատիպ մեներգիչները կկատարեն արիաներ ճանաչված եվրոպական օպերաներից և օպերետներից:
Օրբելյանը խոստովանեց, որ ի սկզբանե նախատեսված էր բացօթյա օպերային երեկո իրականացնել, սակայն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով համերգը տեղի կունենա օպերային թատրոնում:
2018 թվականը հայտարարվել է Մշակութային ժառանգության Եվրոպական տարի: Տարվա ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներ են անցկացվել ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:
1950 թվականի մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների ստեղծման և դրանց զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների, տոնակատարությունների առիթ է ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար: