
ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգություն են հայտնել սոցցանցերում նախկին իշխանությունների հասցեին ուղղված «ատելության խոսքի» դրսևորումների կապակցությամբ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի մոնիտորինգի գծով համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) ու Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) շնորհավորել են քաղաքական բոլոր ուժերին և առաջին հերթին հայ ժողովրդին՝ Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքի և հետագա իշխանափոխության ընթացքում դրսևորած զսպվածության և քաղաքական հասունության համար, որը տեղի է ունեցել խաղաղ պայմաններում՝ սահմանադրական դրույթների և սկզբունքների համաձայն:
«Տեղի ունեցած իշխանափոխության ձևը, որին հաջորդեց կառավարության ձևավորումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ընդգծում են քաղաքական համակարգի հասունացումը, ինչպես նաև այն փաստը, որ բոլոր քաղաքական ուժերը հակված են երկրում ժողովրդավարության ամրապնդմանը»,- ասել են համազեկուցողները:
Միևնույն ժամանակ համազեկուցողները նշել են, որ հայ ժողովուրդը նոր իշխանություններից ունի խորը և արագ բարեփոխումների ակնկալիքներ: Այս համատեքստում համազեկուցողներն ընդգծել են, որ վարչապետի կողմից ձևավորված կառավարությունը, կայուն և ժողովրդավար միջավայր ստեղծելու Նիկոլ Փաշինյանի հստակ մտադրությունը ստեղծել են անհրաժեշտ պայմաններ՝ ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումների և երկրի ազգային անվտանգության համար:
«Բացի այդ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական դաշնակիցների կողմից տված ազդանշաններն առ այն, որ արդարադատության համակարգը լինելու է լիովին անկախ, հրահանգներից և քաղաքական միջամտությունից զերծ, ցրում են քաղաքական հաշվեհարդարի մտավախությունը, որի մասին լսել ենք մեր այցի ընթացքում»,- հայտարարել են համազեկուցողները՝ նշելով, որ քաղաքական գործիչների հանցավոր գործողությունները չպետք է անպատիժ մնան՝ անկախ քաղաքական երանգավորումից:
Գալատին և Լովոչկինան մտահոգություն են հայտնել սոցցանցերում նախկին իշխանությունների հասցեին ուղղված «ատելության խոսքերի» կապակցությամբ:
Հայաստան այցելության ընթացքում համազեկուցողները շեշտել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը:
Համազեկուցողներն ընդգծել են, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ժողովրդավարության հաստատման ճանապարհին: