«Ես հիմնադրամ չունեմ». Կարեն Ավագյանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեության մասին
«Ես հիմնադրամ չունեմ, դրա պատասխանը տվել եմ, ավելացնելու բան չունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը` պատասխանելով հարցին, թե ձեր հիմնադրամում չարաշահումների հարցն է օրակարգում:
Ըստ նրա` հիմնադրամում 11-ից ավելի հոգաբարձուների խորհրդի անդամներ կան, հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետն է և գոյություն ունի գործադիր հատված` իր գործադիր տնօրենով:
Թե ի՞նչ կլինի հիմնադրամի հետ ֆինանսավորման խնդիրների պատճառով, Կ.Ավագյանը նշեց, որ որոշակի ծրագրեր, որ իրականացվում էին բուհերում, չեն իրականացվի:
Իր հարստացման մասին հարցին Կ.Ավագյանը չցանկացավ պատասխանել. «Ես հիմնադրամում հասարակական հիմունքներով էի, որևէ հաստիք, որևէ պաշտոն, աշխատավարձ չի եղել»:
Հարցին` «Բազեն» նույնպես այլևս չի լինի՞, Կ.Ավագյանը պատասխանեց, որ եթե հոգաբարձուների խորհուրդը որոշի, կլինի.
«Ամբողջությամբ ծրագրերը հաստատվել են համապատասխան ընթացակարգերով, եթե նույն ընթացակարգերով հաստատվեն, բոլոր ծրագերը կիրականացվեն»:
Հարցին` ինչպե՞ս է հիմնադրամն աշխատելու նոր իշխանությունների հետ, պատգամավորը պատասխանեց, որ հիմնադրամը որևէ մեկի սեփականությունը չէ, ստեղծվել է կառավարության կողմից և կշարունակի աշխատել` անկախ փոփոխություններից:
Մեղադրանքին, թե հիմնադրամն ամեն ինչ անում էր, որպեսզի ուսանողները ՀՀԿ անդամ դառնան, Կ.Ավագյանը հակադարձեց. «Նման բան երբեք չի եղել: Եթե ծրագրերն ուղղվածության են եղել, ապրիլյան պատերազմի մասնակցած երիտասարդները, որանք արդեն ուսանող էին դարձել, կրթաթոշակ էին ստանում հենց այդ տողով, բնականաբար, չէր կարող որևէ քաղաքական ուղղվածության լինել, եթե 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները ստանում էին ուսման վարձի փոխհատուցում, բնականաբար, չէր կարող քաղաքական ուղղվածության լիներ, եթե սոցիալապես անապահով ուսանողների փոխհատուցում էր լինում, չէր կարող քաղաքական ուղվածության ծրագիր լիներ»:
Հարցին` կփակվի՞ հիմնադրամը, Կ.Ավագյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»: