Նիկոլ Փաշինյանը՝ Արա Բաբլոյանին հրավիրելու և երեկվա միջոցառումների հետ կապված խնդիրների մասին
«Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել: Ես կարծում եմ, այս անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին Սարդարապատ հրավիրելու հետ կապված խնդրին:
Նա նշեց, թե հասկանում է, որ Հայաստանում ավանդույթ կա, որ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով են քննարկվում և լուծվում, ընդհուպ` փողկապի գույնը և դեմքի ինչ արտահայտություն է պետք ունենալ.
«Քանի որ հիմա գործող վարչապետը հարկ չի համարում մտնել բոլոր մանրամասների մեջ, թե ով ինչ ասի, ով ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ունենա, այդպիսի թյուրիմացություններ կլինեն: Եվ համակարգը, թերևս, այն իներցիայով է գործում, որ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծելու: Իհարկե, այդ տրամաբանությունը չպետք է գործի»:
Ն.Փաշինյանը նշեց, որ երեկվա միջոցառումների հետ կապված խնդիրներ կան, և այդ միջոցառումն ընդհանուր առմամբ ընդունելի ու հասկանալի լինելով, առանձին անընդունելի դրվագներ ու թյուրիմացություններ կային: Նա համոզմունք հայտնեց, որ դրանք առաջիկայում կշտկվեն:
«Համենայն դեպս, համոզված եղեք, որ այդ մանրախնդրության որևէ էլեմենտ մեր գործունեության մեջ չի լինելու»,- ասաց Ն.Փաշինյանը: