«Ցանկանո՞ւմ եք գոյություն ունենալ. ունեցեք նպատակ». Մաթիաս Խաչադուրյան
Առաջնորդ, նպատակ և կիրք: Այս բառերը, որոնց իմաստները պարզ են բավականաչափ, բայց, առաջին հայացքից, ոչ լավագույնս համադրելի, հեշտությամբ մեկտեղվեցին Մաթիաս Խաչադուրյանի «Ինքնաառաջնորդություն» (Self-Leadership) թեմայով վարպետության դասի շրջանակներում: The International Coach Federation (ICF)-ի և Institute of Leadership & Management (ILM)-ի կողմից հավատարմագրված, մանրածախ և ոչ մանրածախ բիզնեսի ակադեմիական և ոչ ակադեմիական անձնակազմի վերապատրաստման ավելի քան 23 տարվա փորձառություն ունեցող հայազգի Մաթիաս Խաչադուրյանը երեկ BSC բիզնեսի աջակցման կենտրոնում «Բարի երեգո» արտահայտությամբ սկիզբ դրեց ինքնաառաջնորդության թեմայով վարպետության դասին, և շարունակեց իր խոսքն այն երեք հարցերի դիտարկմամբ, որոնք հիմք են հանդիսանում ինքնաառաջնորդության համար. «Ո՞վ ես դու: Ո՞ւր ես գնում: Ինչո՞ւ ես գնում այդ ուղղությամբ»: Ըստ պրն Մաթիասի՝ սրանք այն հարցերն են, որոնք պետք է օգնեն գտնել մեր ճանապարհը կյանքում, մեր նպատակը:
Ինքներդ ձեր առաջնորդը դառնալու համար կարևոր է գտնել ինքնաառաջնորդության և առաջնորդության տարբերությունները.
«Առաջնորդությունն ունի 3 հազարից ավելի սահմանումներ, բայց դրանք բոլորն էլ ուրիշների վրա ազդելու մասին են: Իսկ ինքնաառաջնորդությունը սեփական անձը դիտարկելու և կառավարելու հնարավորությունն է: Ամեն ինչ սկսվում է սեփական անձից: Երբ դուք հաշվի եք առնում ձեր պոտենցիալը, ձեր հմտությունները, տաղանդները և փորձում եք դրանք գործի դնել, դա հենց ինքնաառաջնորդությունն է: Դա գործընթաց է, որը թույլ է տալիս հայտնաբերել ինքներդ ձեզ: Ինքնաառաջնորդությունն ինչ-որ տեղ նաև անձի աճն է: Երբ ես ասում եմ՝ ինքնաառաջնորդություն, ես ի նկատի ունեմ աճման գործընթացը: Ես աճում եմ իմ զորությամբ, ես աճում եմ դիտարկումներում, աճում է իմ ինքնագիտակցումը, աճում են իմ հնարավորությունները, աճում է իմ նպատակը… Բայց ոչ բոլոր մարդիկ են կյանքում աճում: Նրանցից ոմանք աճում են կրիաների արագությամբ, իսկ մյուսները, ընդհակառակը, շատ արագ, իսկ մնացածին պարզապես ժամանակ է պետք՝ սեփական անձը հայտնաբերելու համար. նրանք կարիք ունեն հասկանալու, թե ո՞րն է կյանքում իրենց նպատակը: Եթե ես հավաքեմ այս բոլոր հղացքները և դնեմ մի շրջանակի մեջ, ես դրանք կդնեմ ինքնաառաջնորդություն կոչվող շրջանակի մեջ»:
Մաթիաս Խաչադուրյանը, շարունակելով առաջնորդության և ինքնաառաջնորդության տարբերությունների թեման, դրանց երկուսի արանքում դրեց հեղինակության կարևոր հարցը: Ո՞վ է մեզ համար հեղինակություն, երբ մեզ առաջնորդում են, և ո՞վ, երբ մենք ենք մեր առաջնորդը.
«Առաջնորդության ժամանակ մենք բախվում ենք ուրիշների հեղինակության հետ, իսկ ինքնաառաջնորդությունն իրենից ենթադրում է ուրիշների հեղինակությունը սեփական անձով փոխարինելու գործընթացը: Սա նշանակում է, որ դուք ամբողջությամբ պատասխանատու եք ձեր գործողությունների, ձեր որոշումների և ձեր կատարած ընտրության համար, և այս գործողություններն ուղղված են սեփական անձը լավ հասկանալուն»:
Սեփական անձն առաջնորդ դարձնելու հարցում մարդկանց օգնության ձեռք մեկնող պրն Մաթիասն առաջարկում է մի շարք գործողություններ, որոնք բանաձև դարձնելը և դրանց անքակտելիորեն հետևելն ինքնաառաջնորդության ամենաբարձր մակարդակներին հասնելու առաջին քայլը կարող է լինել.
1. Մենք չենք հանձնվում:
2. Մենք չենք հանձնում մեր զենքերը:
3. Մենք տեսնում ենք նպատակը:
4. Մենք կենտրոնացած ենք կյանքի նպատակների վրա:
5. Մենք զբաղված ենք ինքնասնուցմամբ, ինքնաձևավորմամբ:
6. Երբ մենք սխալվում ենք, մենք գիտենք, որ այդ ամենից կարող ենք դասեր քաղել:
7. Երբ մենք հաջողում ենք, աճում է մեր ինքնավստահությունը:
8. Երբ մենք նվաճումներ ենք ունենում, գիտակցում ենք, որ դա վերջը չէ, և մեզ դեռ երկար ճամփորդություն է սպասվում:
9. Երբ փոփոխություններ են տեղի ունենում, մենք ընդունում ենք մարտահրավերը և առերեսվում ենք դրանց:
10. Երբ մարդիկ փոխվում են, մենք գիտենք, որ դա, հավանաբար, մեզ համար օգտակար կլինի:
«Սխալներից դասեր քաղելը բանաձև պետք է դարձնել: Արդյո՞ք բոլոր մարդիկ սովորում են իրենց սխալներից: Ո՛չ: Արդյո՞ք սխալները մեզ ինչ-որ բան սովորելու հնարավորություն են տալիս: Միանգամա՛յն: Այսպիսով, դուք սիրո՞ւմ եք սխալներ գործել (ծիծաղում է.- Ա.Գ.): Իհարկե, մեր նպատակը սխալներ գործելու պրոպագանդան չէ, հատկապես ինքնաառաջնորդության ժամանակ, քանի որ վերջինս կյանքում ամենաճիշտ գործողությունները կատարելու համար է անհրաժեշտ: Բայց յուրաքանչյուր սխալի հետևում մեզ համար նախապատրաստված դաս կա, որը պետք է քաղել: Իսկ այն մարդկանց, որոնք սխալներից դասեր չեն քաղում, ես անվանում եմ հիմարներ, քանի որ նրանք չեն ցանկանում սովորել: Երբ դուք սխալ եք անում մեկ, երկու, նույնիսկ երեք անգամ, մարդիկ պատրաստ կլինեն հանդուրժել դա: Բայց երբ դուք նույն սխալը կրկնում եք հազարավոր անգամներ…»:
Անդրադարձ Հայաստանում տեղի ունեցած «Սիրո և համերաշխության հեղափոխությանը»
Անդրադառնալով փոփոխություններին առերեսվելու հարցին, պրն Մաթիասը հիշատակեց վերջերս Հայաստանում տեղի ունեցած «Սիրո և համերաշխության հեղափոխությունը», կարևորելով համազգային այն ոգին, որը թույլ չտվեց հանձնվել.
«Վերջերս դուք շատ թավշյա հեղափոխություն ունեցաք, որի մասն էի նաև ես, որովհետև մաքուր հայ եմ: Եվ դուք գիտակցեցիք, որ փոփոխություն է տեղի ունեցել: Իսկ այն սկսվեց, որովհետև ինչ-որ բան փոխվեց հենց ձեր մեջ: Եվ այդ փոփոխության արտահայտման համար կար ճիշտ հարթակ: Ոչ ոք նախօրոք չգիտի, թե ինչի կհանգեցնեն փոփոխությունները, բայց, ամեն դեպքում, հրաշալի է երբեք չհանձնվելը, նույնիսկ, եթե դուք ձախողեք»:
Ինքնաառաջնորդությունն անհնար է պատկերացնել՝ առանց հասկանալու սեփական դերը և նպատակն այս կյանքում
Բոլորս կյանքում ունենք մեր դերը՝ դուստր/որդի, քույր/եղբայր, ամուսին/կին: Դերաբաշխումը տարածվում է նաև աշխատավայրում: Պրն Մաթիասը որպես դերաբաշխման օրինակ ներկայացրեց բրիտանացի հետազոտող և կառավարման տեսաբան Մերեդիթ Բելբինի թիմային 9 դերերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գործառույթները: Մեկը մասնագետ է, որ թիմ է բերում գիտելիքներ, մեկ ուրիշը թիմային աշխատող է, ով օգնում է թիմի անդամներին միասին աշխատել, համագործակցել: Եվ այսպես շարունակ:
168.am-ի այն դիտարկմանը, թե արդյո՞ք թիմում զբաղեցրած դերը կախված չէ անհատականությունից, բնավորությունից, պրն Մաթիասը պատասխանեց. «Ցավոք, Բելբինն իր դերաբաշխման մեջ չի անդրադարձել այդ կարևոր հարցին»:
Աշխատավայրում սեփական դերն ունենալուց բացի՝ կարևոր է նաև այն կարողանալ ճիշտ կերպով բալանսավորել կոլեգաների դերերի հետ: Եվ այս միտքն ավելի պատկերավոր դարձնելու համար պրն Մաթիասը տեղում մի փորձարկում կատարեց փուչիկի հետ: Հանդիպմանը մասնակցող կամավորներն իրենց միայն մեկական մատներով օդում պահում էին փուչիկը՝ այն տեղափոխելով սենյակի մի անկյունից մյուսը: Թվում է, թե բարդ ոչինչ չկա, բայց իրականում փուչիկը գետնին չտապալելու համար մասնակիցներից պահանջվում էր անընդհատ հաղորդակցվել, բոլորով մեկ ճիշտ ուղղություն ընտրել և շարժվել նույն գծով, չվիճել և սեփական առավելությունը չցուցադրել: Փորձարկումը ստացվեց՝ փուչիկը գետնին չհայտնվեց:
Խոսելով ինքնաառաջնորդության մասին՝ հնարավոր չէ չանդրադառնալ նպատակի ճիշտ ընտրությանը: Իսկ նպատակ ունենալու համար պետք է բավականաչափ քանակությամբ կիրք ներդնել. «Դուք պետք է կրքով լցված լինեք ձեր նպատակի նկատմամբ,- վստահ է պարոն Մաթիասը,- Նպատակի նկատմամբ մեր պատկերացումները փոխվում են՝ կախված մեր տարիքից: Տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերում նոր հասկացություններ, որոնք որոշիչ են դառնում մեր նպատակը հասկանալու հարցում: Մենք ստեղծում ենք մեր կյանքի պատմությունը մի նպատակից մյուսին անցնելու ընթացքում:
Մեր կյանքի վաղ շրջանում նպատակը տրվում է մեզ ափսեի վրա, և մենք այն վերցնում ենք: Ավելի ուշ մենք ինքներս փնտրում ենք մեր նպատակը, այն այլևս տրված չէ մեզ, մենք ինքներս պետք է որոշենք՝ որն է մեր նպատակը, և գնանք այդ ուղղությամբ»:
Տարբեր անուններին հղելու պոստմոդեռնիստական հնարքը կիրառելով՝ ինքնաառաջնորդության փորձագետը հիշատակեց անգլիացի նշանավոր բանաստեղծ և թատերագիր Վիլյամ Շեքսպիրին: Պարզվեց, որ «նորաձև» եզրույթն իր բառապաշարում առաջին անգամ օգտագործել է հենց Շեքսպիրը.
««Նորաձև» բառն առաջին անգամ օգտագործել է Շեքսպիրը: Հիմա այն ավելի շատ ասոցիացնում են հագուստի հետ, բայց այսօր դիտարկենք այլ տեսանկյունից: Նորաձև կյանքը նախագծված կյանքն է, այն կենսակերպը, որին դուք պատրաստ եք հետևել երջանիկ և բավարարված լինելու համար: Նույն կերպ՝ գետերը, լճերը, վտակները նախագծված են Աստծո կողմից, և քաղաքակրթությունները կառուցում են քաղաքներ հենց այդ ջրերի շուրջը, և այդպես պահպանում են գոյությունը: Նույն բանաձևն է ձեզ համար. ցանկանո՞ւմ եք գոյություն ունենալ. ունեցեք նպատակ: Ձեր նպատակը ձեր թթվածինն է, ջուրը, որից դուք պետք է խմեք և բավարարվեք»:
Անի Գաբուզյան