«Ես ցավում եմ, որ ԱԱԾ տնօրենը շտապում է հայտարարություններ անելու համար». Վահրամ Բաղդասարյան
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ձեռնպահ մնաց գնահատականներ տալ նոր կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակումներին:
«Նշանակված մարդկանց իշխող մեծամասնությունը քաղաքական դաշտում անհայտ մարդիկ են: Պետք է հնարավորություն տանք աշխատելու և հետո գնահատականներ տանք: Կան մտավախություններ, բայց Աստված տա, որ դրանք փարատվեն»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Անդրադառնալով Արցախի նախկին փոխվարչապետ Արթոււր Աղաբեկյանի հայտարարությանը, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանն ամենաանպատրաստ թույլ գեներալն է ամենապատասխանատու պաշտոնում, Վ.Բաղդասարյանն ասաց, որ իրեն իրավունք չի վերապահում Արտակ Դավթյանին գնաատականներ տալ, առավել ևս, որ նրա հետ ընդհանրապես շփում չի ունեցել.
«Եթե իր հետ աշխատած մարդիկ գնահատականներ են հնչեցնում, պետք չէ ընդունել դա որպես հանրային կարծիք: Պետք է աշխատի և, արդյունքները տեսնելով, գնահատական կտանք: Բայց դա ամենակարևորագույն պոստերից մեկն է: Արտակ Դավթյանը շատ զգոն պետք է լինի և ինքը պետք է գիտակցի, թե ինչ համարձակ քայլի է գնում: Արթուր Աղաբեկյանը բավականին կայացած ֆիգուրա է ՊՆ-ում, բայց չի եղել որևէ նշանակում, որ տարբեր կարծիքներ չհնչեն»,- ասաց Վ.Բղդասարյանը:
Կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ ԱԱԾ պետի հայտարարությունների մասին Վ.Բաղդասարյանը նշեց, որ կլինեն նոր հայտարարություններ: «Ես ցավում եմ, որ ԱԱԾ տնօրենը շտապում է հայտարարություններ անելու համար: Դա իրականությանը չի համապատասխանում: Ես չեմ մեկնաբանում ԱԱԾ պետի խոսքը, բերման ենթարկվածներ կան, բայց պետք է նայել օրենսդրական դաշտի կարգավորումը: Վաղը, մյուս օրը նրանք կանեն հայտարարություններ»,- ասաց Վ.Բաղդասարյանը: