««Հայաստան» հիմնադրամը դարձավ Հայաստանի Հանրապետության իշխանության նկատմամբ Սփյուռքի վստահության ցուցիչ». Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստան Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, հոգաբարձուների խորհրդի անդամները՝ Հայաստանից և Սփյուռքից:

Հանդիպումը մեկնարկեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական մաղթանքով, որից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ողջույնի իր խոսքում նշեց.

«Այսօրվա նիստը տեղի է ունենում մեր ժողովրդի համար խորհրդանշական տոների նախօրեին, ուստի մեկ անգամ ևս շնորհավորական խոսքեր հղելուց հետո կցանկանամ շատ կարճ անդրադառնալ մի քանի հարցերի: Հայաստան
Համահայկական հիմնադրամն անշուշտ ունի իր առջև դրված շատ կարևոր խնդիրներ, սակայն կարծում եմ՝ կարևորագույն խնդիրներից մեկը համախմբման առաքելությունն է, որն ավելի քան արդիական է այսօր: հիմնադրամը ոչ միայն պետք է շարունակի համախմբել ՀՀ քաղաքացիներին, արտերկրում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, այլև պետք է լինի Սփյուռքը միավորող գործոն»:

Նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Օրակարգի շրջանակներում ողջույնի խոսքով հանդես եկավ նաև հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Հայաստան Համահայկական հիմնադրամն իր ստեղծման օրից նեցուկ դարձավ Հայաստանի նորաստեղծ հանրապետությանը, և մեր անկախացման առաջին տարիներին նրա դերակատարումն իսկապես շատ մեծ էր, և հիմա դժվար է գերագնահատել այդ դերակատարումը: Հետագա տարիներին հիմնադրամի դերակատարումը նույնպես մեծ էր, որովհետև, կարծում եմ, հիմնադրամը դարձավ Հայաստանի Հանրապետության իշխանության նկատմամբ Սփյուռքի վստահության ցուցիչ: Հիմնադրամի գործունեության շրջանակում դրա գործունեությունը վերլուծելիս կարելի է շատ լուրջ ազդակներ ստանալ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում Սփյուռքում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս և ինչպիսի լուծումներ կարող են լինել այդ մտահոգությունների համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

Օրակարգի շրջանակներում Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց 2017 թվականի վերաբերյալ Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը, որին հանդիպման ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ նաև հատուկ այդ նպատակով պատրաստված տեսանյութի միջոցով:

Հայաստան Համահայկական հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն և մեծ ներդրում ունեն նաև նրա 22 տեղական մարմինները, որոնք ներկայում գործում են աշխարհի 19 երկրներում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում և այլուր:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն իր ընդարձակ հաշվետու ելույթում մանրամասնեց՝ հիմնադրամի միջոցով և համայն հայության ջանքերով տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել՝ ինչպես Հայաստանում, այնպես նաև՝ Արցախում: Անցած տարիներ ամենախոշոր ծրագիրը Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումն էր:

Տեղեկացնենք, որ ըստ Հայաստան Համահայկական հիմնադրամի կանոնադրության ՝ հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահն ի պաշտոնե հանրապետության նախագահն է: Խորհրդի կազմում են Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը, Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը, ԼՂՀ նախագահը, ՀՀ և ԼՂՀ վարչապետները, ՀՀ Սահմանադրական դատարանի, Ազգային ժողովի և Կենտրոնական բանկի նախագահները, նախարարներ, երեք ավանդական կուսակցությունների, խոշոր բարեգործական կազմակերպությունների՝ ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի և Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավարները, սփյուռքահայ ճանաչված բարերարներ և գործիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Գործունեության 26 տարիների ընթացքում հիմնադրամը մոտ 700.000 նվիրատուների շնորհիվ ընդհանուր 350 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ավելի քան 50.000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ և ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային և սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

Տեսանյութեր

Լրահոս