Էդմոն Մարուքյանի խորհուրդն Արմեն Աշոտյանին՝ դիմեք ՍԴ, ՄԻՊ, Արթուր Սաքունցին, Ավետիք Իշխանյանին
«Քաղաքական հայտարարություններ են արվում և դրանք ներկայացվում են որպես քաղաքական հետապնդում կամ ճնշում: Մենք էլ ենք բազմաթիվ քաղաքական հայտարարոթյուններ արել, որ Սերժ Սարգսյանը կամ այլք քննադատել են, ասել են այդպես չէ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե Փաշինյանի իշխանության կողմից քաղաքական հետապնդվողները կարող են դիմել իրեն:
Ըստ նրա՝ ինքն էլ ընդդիմադիր գրոծունեության ընթացքում բազմիցս քննադատվել է իշխանությունների կողմից, և ասել, որ երբ նրանք դառնան ընդդիմություն, ինքը կապաշտպանի նրանց:
Է.Մարուքյանը հայտարարեց, որ չի տեսնում որևէ քաղաքական հետապնդվողի:
Նա նշեց, որ երբ նման խնդիրներ են տեսել, օգտվել են ՀՀ ներպետական դատական համակարգից և հիմա ՀՀԿ-ականներն ու Արմեն Աշոտյանը կարող են դիմել ՍԴ, ՄԻՊ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ Արթուր Սաքունցին, Հելսինկյան կոմիտե՝ Ավետիք Իշխանյանին, և այլ իրավապաշտպան կազմակերպություններ ևս կան:
«Վիգեն Սարգսյանը մի բան է ասել, Նիկոլ Փաշինյնաը պատասխանել է: Դա քաղաքական հետապնդո՞ւմ է»,- հարցադրում արեց նա:
Ըստ նրա՝ այսօր ԿԳ նախարարը կարող է ասել, որ այն ուսուցիչները, որ պարտադրված են դարձել ՀՀԿ անդամ, կարող են հանձնել անդամատոմսերը. «Բայց եթե մի ուսուցիչ ցանկանում է մնալ ՀՀԿ կազմում, ո՞վ կարող է պարտադրել նրան: Այլևս ուրիշ ժամանակներ են կարող են հանձնել կուսակցական տոմսերը, և շատերը գնացել, հանձնել են»:
Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Միհրանի Պողոսյանի՝ վենդետայի մասին հայտարարությանը, Է.Մարուքյանը նշեց, որ նա իրավաբան է և եթե նման բան լինի, կարող են սահմանված կարգով ընթացք տալ, առավել ևս դատախազը ՀՀԿ կողմից ընտրված է, ՔԿ-ի և ՀՔԾ-ի ղեկավարները՝ նույնպես.
«Այնպես չի, որ եթե խնդիր լինի, այս մարմինները չեն գործի և իրավական գնահատականներ չեն տա: Չեն կարող պնդել, որ դուք եկաք և իրավական մարմինների կողմից սկսեցինք ճնշվել»:
«Անկախ նրանից, թե ովքեր և ինչի համար են հետապնդվում, կլինի գործող, թե նախորդ իշխանություններից, օրենքի առաջ հավասար են, եթե որևէ բան չեն արել, ոչինչ չի լինի, եթե արել են, իրավական գնահատական կտրվի և պատասխանատվությունն անխուսափելի է: Ով ում ընկերն ուզում է լինի, եթե ես ինքս նկատեմ ապօրինի հետապնդում, ես ինքս առաջինը կբարձրաձայնեմ»,- հավելեց Է.Մարուքյանը: