
«Պետք է ունենալ մի այնպիսի ԸՕ, որ բոլորը հնարավորություն ունենան ակտիվ և պասիվ մասնակցել ընտրական գործընթացներին»

«Պետք է լայն քաղաքական կոնսուլտացիների, բանակցությունների միջոցով հասնել համաձայության, որ ունենանք մեխանիզմ այս խորհրդարանը ցրելու, որից հետո միայն արտահերթ ընտություններ կլինեն: Նաև հնարավորություն է պետք Ընտրական օրենսգիրքն ընդունելու համար, որի համար 63 ձայն է պետք: Մեզ պետք է լայն կոնսոլիդացիա այս խնդիրների լուծման շուրջ: ՀՀԿ-ն ասում է, որ օրակարգում չկա նման հարց, դրա համար էլ ասում են: Երբ կլինեն քննարկումներ, կարող ենք շատ նորմալ համաձայնության գալ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ մեխանիզմներ կան արտահերթ ընտրությունների համար, եթե ՀՀԿ-ականները հակված չեն դրան:
Ընդ որում, ըստ նրա, քանի որ Հայաստանում իրավիճակն էքստրաօրդինար է, արտահերթ ընտրությունների անցկացման համար սեղմ ժամկետներ պետք է լինեն:
Է.Մարուքյանի խոսքով՝ ԸՕ փոփոխությունների նախապատրաստումներով ներկայումս զբաղվում է Դանիել Իոանեսյանը, ինքը չգիտի, թե ով է ներգրավված աշխատանքային խմբում:
Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել են, ներկայացրել մոտեցումները ԸՕ-ի հետ կապված, որը նորություն չէ, խմբակցությունում մեկ տարի և ավելի քննարկվել է, առաջնային հարցը տարածքային համակարգն է, որ պետք է հանվի, ընտրողների ցուցակը «մաքրելու տեղ ունի», ընտրողների իդենտիֆիկացման համակարգի խնդիր կա, որը բարդ և ծախսատար ժամանակատար խնդիր է, պետք է անդրադառնալ կուսակցությունների մասին օրենքին, մեխանիզմներ դրվեն, որ կուսակցության ֆինանսավորումը չլինի տաբու և միայն իշխանական կուսակցությունները չֆինանսվորվեն, բիզնեսները կարողանան բաց աջակցել այն կուսակցությանը, որի գաղափարին հարում են:
Ըստ նրա՝ սա կբերի լուրջ փոփոխությունների, հասարակության առողջացման, կուսակցությունների ֆինանսական կայունության. «Մեզանում ամեն ինչ եղել է ստվերային, բայց պետք է լինի բաց, թափանցիկ, որ բոլորն իմանան, թե ով որտեղից է ֆինանսավորվում»:
«Պետք է ունենալ մի այնպիսի ԸՕ, որ բոլորը հնարավորություն ունենան ակտիվ և պասիվ մասնակցել ընտրական գործընթացներին»,- հավելեց Է.Մարուքյանը: