Բաժիններ՝

«Քաղաքացին տուգանվելու, կներեք այս բառիս համար, մատերիալ չէ». Գործադիրը քննարկեց արագաչափերի ու տեսասարքերի խնդիրը

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արագաչափերի խնդրին և հետաքրքրվեց, թե ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունն ինչ են արել։

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ երեկ հաղորդագրություն է տարածվել և ՃԵԿ-ի կանոնների ցանկը, որոնցով խախտումներ չեն տուգանվելու։ Ըստ նրա՝ դա կազմում է քաղաքացիների ընդհանուր բողոքների 70-80%-ը։ Ոստիկանապետը նշեց, որ, երբ դադարեցրել են արագաչափերի գործողությունը, զոհերի թիվը մի փոքր ավելացել է, իսկ երբ հայտարարություն եղավ, որ արագաչափերը նորից գործում են, ուսումնասիրությամբ պարզվել է, որ խնդիրն արագաչափերը չեն, այլ տեսանկարահանող սարքերն են։

Վ. Օսիպյանը նշեց, որ այսօր ժամը 15։00-ին հասարակական կազմակերպությունների հետ պետք է հանդիպեն, որոնք կաջակցեն բարձրացնելու քաղաքացիների իրազեկվածությունը, որպեսզի փողոցներում անարխիա չտիրի, և ըմբռնումով մոտենան այս հայտարարությանը, քանի որ հնարավոր է՝ լինեն վարորդներ, որոնք օգտվեն առիթից և ավելի կոպիտ խախտումներ թույլ տան։

Ն.Փաշինյանն արձագանքեց, որ կարգազանց վարորդներն անպատիժ չեն կարող մնալ. «Պետությունն ունի բավարար մեխանիզմներ՝ կարգը պահպանելու համար։ Մենք փիլիսոփայությունը պետք է փոխենք, հասկանանք, որ քաղաքացին տուգանվելու, կներեք այս բառիս համար, մատերիալ չէ»։

Ն.Փաշինյանը նշեց, որ տուգանքների չափերի և ընթացակարգերի հետ կապված օրենսդրական փոփոխություններ պատրաստեն. «Քաղաքացիները պետք է այդ անարդարության զգացողությունը թոթափեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս