![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայկական կողմը կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի ու Կիպրոսի միջև միջխորհրդարանական համագործակցության ավելի ընդլայնմանն ու ամրապնդմանը»
![](https://168.am/wp-content/uploads/2018/01/ara-babloyan1.jpg)
Այսօր ՀՀ Ազգային ժողովում Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր գնահատեց եկկողմ խորհրդարանական համագործակցությունը:
Նա կարևորեց կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ, Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի ներդրումը միջխորհրդարանական և միջպետական հարաբերությունների զարգացման գործում:
ԱԺ նախագահը նշեց, որ անդրադարձել են միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակում Կիպրոսի նախագահի առաջարկին` ստեղծել եռակողմ ՀՀ-Կիպրոս-Հունաստան համատեղ հանձնաժողով, նաև անդրադարձել են ԼՂ և կիպրոսի հիմնահարցերին.
«Հայաստանը և Կիպրոսը միջազգային հարթակներում մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները` խնդիրների կարգավորման հարցերում: Քննարկել ենք նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրը, Կիպրոսն առաջին երկիրն է, որ ճանաչել և դատապարտել է Ցեղասպանությունը, Կիպրոսի ազգային օրենսդրությամբ քրեականացվել է Հայոց ցեղասպանության ժխտումը»:
Ա.Բաբլոյանը նշեց, որ խոսել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին, անդրադարձել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացին. «Հայկական կողմը կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի ու Կիպրոսի միջև միջխորհրդարանական համագործակցության ավելի ընդլայնմանն ու ամրապնդմանը»:
Դեմետրիս Սիլուրիսի խոսքով` պետք է օգտագործել այն ամուր պատմական կապերը, որ առկա են երկու ժողովուրդների միջև և կարողանանք այդ կապերն է՛լ ավելի արդյունավետ օգտագործել տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում` ի նպաստ մեր ժողովուրդների: Նա ևս խորին երախտագիտություն ու շնորհակալություն հայտնեց Վարդգես Մահտեսյանին իր գործուն աջակցության համար, և նշեց, որ իր աջակցությամբ աշնանը համատեղ ցուցահանդես կկազմակերպվի:
«Վստահ եմ, որ ապագան մեր ժողովուրդներին է պատկանում, որի հիմքն է հանդիսանում քաղաքակրթությունը ու ժողովրդարությունը և ոչ թե բարբարոսությունը»,- ասաց Դ. Սիլուրիսը: