
Մխիթար Հայրապետյանն ամփոփել է իր աշխատանքային օրը

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքում ամփոփել է իր աշխատանքային օրը:
«Օր 3. ամփոփում՝
Առավոտը սկսեցինք կառավարության ծրագրի մշակման շուրջ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային քննարկումով:
Հանդիպեցի ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի հետ. ինչից ասես, որ չխոսեցինք:
Հեռախոսազրույց ունեցա Հրանուշ Հակոբյանի հետ. Սփյուռքի նախկին նախարարն ինձ աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ անհրաժեշտության դեպքում:
Ողջ օրվա ընթացքում ընդունեցի արտասահմանից ժամանած մի քանի բարերարների: Հիմնական քննարկվող թեմաներն էին ներդրումներն ու հայրենադարձությունը:
Ընդունեցի նաև Նաթան արքեպիսկոպոսին:
Իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվեց Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը:
Հանդիպեցի մոնիթորինգի նորաստեղծ խմբի անդամների հետ: Նրանք ինձ զեկուցեցին Սփյուռքի նախարարության վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ տեղական ու միջազգային մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա դրական ու բացասական արձագանքները:
Դե իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ 19:00-ին, մասնակցեցի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնող խմբի նիստին»: