Վարչապետը հորդորում է հանրության շրջանում առկա դրական տրամադրությունը տեղափոխել կառավարման համակարգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ ներուժ է տեսնում գյուղատնտեսության ոլորտում, որը բարենպաստ պայմանների դեպքում կարող է տալ ցանկալի արդյունքներ: Այս մասին Փաշինյանը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին իր կողմից ղեկավարվելիք գերատեսչության աշխատակիցներին ներկայացնելիս: «Կարծում եմ՝ գյուղատնտեսության ոլորտում մեծ ներուժ կա, որը զսպանակված վիճակում է գտնվում, բայց որոշակի քաղաքական բարենպաստ պայմանների դեպքում թույլ կտանք, որ այդ զսպանակը բացվի և ոլորտում իրական փոփոխություններ տեղի ունենան»,- ասաց վարչապետը: Նա անդրադարձավ գյուղատնտեսական վարկերի հետ կապված խնդրին՝ նշելով մարդկանց հետ շփումների արդյունքում հասկացել է, որ այն բնակչությանն անհանգստացնող առաջնային խնդիրներից է: «Մարդկանց վրա բարձվում են բեռներ, որ նրանք օբյեկտիվորեն չեն կարող տանել: Պետք է լուծման ուղիներ փնտրենք»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Նախկին նախարար Իգնատի Առաքելյանը նկատեց, որ նորանշանակ նախարարի հետ հասցրել են քննարկել գերատեսչության առաջնահերթությունները, փոխանցվել են բոլոր ծրագրերը: «Անկախ նրանից, թե ինչ է փոխվում քաղաքական դաշտում, տնտեսությունը չպետք է դրանից տուժի, միշտ պատրաստ ենք աջակցել թե խորհրդատվությամբ, թե մասնակցությամբ»,-ասաց Իգնատի Առաքելյանը:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Իգնատի Առաքելյանի համագործակցության համար՝ նշելով, որ նա մեծ ներդրում է ունեցել գյուղատնտեսության զարգացման գործում: Նա նշեց, որ ստեղծված հիմքի վրա կշարունակեն աշխատել և լավ արդյունքներ ապահովել:

Վարչապետը նկատեց, որ հանրության շրջանում դրական տրամադրություններ են ձևավորված, ինչը պետք է տեղափոխել կառավարման համակարգ: «Կարևոր է, որ լավատեսության շունչը առկա լինի պետական կառավարման համակարգում: Մարդիկ հաճույքով գան աշխատանքի, ունենան առաքելության զգացում և գիտակցություն, որ ծառայում են Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, և աշխատանքից բավարարված գնան տուն»,-ասաց նա: Նրա խոսքով՝ կոռուպցիան պետք է իսպառ արմատախիլ անել համակարգից, բայց դա չպետք է ձևավորի ահաբեկման մթնոլորտ:

Տեսանյութեր

Լրահոս