«Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը քաղաքական իրավիճակի փոփոխության հետ կապված չէ». Գլխավոր դատախազ

«Ես ոչ թե մտահոգություն կունենամ, այլ շատ ուրախ կլինեմ, եթե մենք ունենանք այն հարցերի պատասխաններն այդ գործով, որոնց պատասխանները չունենք։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քրեական գործի նախաքննության ընթացքում, բնականաբար, մեթոդները կատարելագործվում են, տեխնիկական հնարավորություններն են զարգանում։ Ես երբևէ ասե՞լ եմ, որ մենք սպառել ենք այդ հանցագործության բացահայտման հնարավորությունները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանափոխությունից հետո արդյոք կբացահայտվի՞ Մարտի 1-ի գործը։

Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը գլխավոր դատախազը չի պայմանավորում  քաղաքական իրավիճակի փոփոխությամբ։ Ըստ նրա՝ այժմ ինքը հանրության ավելի լայն աջակցությունն է ակնկալում. «Այս փոփոխությունների արդյունքում ավելի շատ հանրային աջակցություն եմ ակնկալում: Օրինակ՝ նախորդ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մեր հաջողությունների համար մենք պարտական ենք հանրությանը: Երբ դու հրավիրում ես հարյուրավոր վկաների, հարցաքննում ես, իսկ վկան ասում է, որ տեղեկություններ չունի, սակայն կան տվյալներ, որ ինքը կոնկրետ դեպքում ընդհուպ տուժողի կողքին է գտնվել, չի կարող գործն առաջ գնալ: Հանրությունը հանդես է գալիս՝ որպես վկա, տուժող, հայտնում է իրեն հայտնի տեղեկությունները, ներկայացնում է համապատասխան նյութեր: Վարույթն ինչ-որ կախարդական փայտիկ չի, դա հենց ցուցմունքների վկաներն են, փորձաքննությունները, ձեռք բերված նյութերը»:

Հարցին՝ Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվելո՞ւ է, Ա.Դավթյանը պատասխանեց. «Երբ լինեն դրա հիմքերը, ցանկացած մեկը, ով ուզում է լինի, քննվելու է»:

Դիտարկմանը, որ Քոչարյանը հայտարարություն էր արել, Ա.Դավթյանը հակադարձեց, թե հայտարարության բովանդակությունը հիմք չէ. «Վկային հարցաքննության կանչելու համար 2 կարևոր բաղադրիչ կա. առաջինը դրա համար անհրաժեշտ հիմքերն են, մյուսը՝ վարույթ իրականացնող մարմինն ինքն է գնահատում՝ տակտիկական տեսակետից ելնելով՝  ո՞ր պահին հարցաքննի՝ այսօր, թե՞ վաղը, թե՞ նյութեր ձեռք բերի, հետո հարցաքննի»:

Տեսանյութեր

Լրահոս