
«Հայաստանը մյուս պետությունների մասով շահեկան դիրքում է». Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց «Դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը:
Ըստ նրա` հանցագործությունների դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ ունեցել ենք դատաքննության բարձր աստիճան, բացահայտման ցուցանիշը բարելավվել է, աճել է կոռուպցիոն և թմրանյութերի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը:
«Հայաստանը մյուս պետությունների մասով շահեկան դիրքում է»,- ասաց Ա.Դավթյանը:
Նա նշեց, որ անցած տարի հանցավորության դինամիկան պետք է դրական համարել նաև դրա կառուցվածքում փոփոխության առումով, այսինքն ` էական նվազում կա ծանր ու հատկապես ծանր հանցագործությունների մասով, 25.8%-ով նվազել են սպանության դեպքերը, գրեթե նույնքան` սպանության փորձերի դեպքերը:
Գլխավոր դատախազը նշեց, որ կաշառքի բացահայտման 163 դեպք է արձանագրվել, որը 92-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
«Ձեռքբերումները մեզ թույլ են տալիս վստահորեն խոսել, որ ճիշտ ուղղու վրա ենք»,- ասաց Ա.Դավթյանը` կարևորելով դրական դրսևորումները հանրային հանդուրժողականության առումով, քանի որ առանց հանրային մասնակցության հաջողության հասնել չի կարելի: