
Արմեն Աշոտյանը ԵԺԿ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը նոր համաձայնագրի շրջանակներում

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլի հետ քննարկել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև հետագա համագործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում: Արմեն Աշոտյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօր Եվրոպայի ժողովրդական կուսակցության շտաբում հանդիպում ունեցա կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլի հետ: Ես նախագահին տեղեկացրեցի հայաստանյան վերջին իրադարձությունների և ներկայիս իրավիճակի մասին: Մենք քննարկել ենք մեր կուսակցության հետագա մասնակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության գործունեությանը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև հետագա համագործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում»,- գրել է Արմեն Աշոտյանը: