Քիչ առաջ ազատ է արձակվել Գարեգին Չուգասզյանը
armtimes.com-ի տեղեկություններով, քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ 16 օր հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանը:
Տեղեկությունը armtimes.com-ի զրույցում հաստատեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երաշխավորությունը:
Նշենք, որ այսօր ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը եւ Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
Հիշեցնենք, որ Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով եւ նրա նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմինը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Այս գործով անցնում են նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը: Ժիրայր Սեֆիլյանն ու Գեւորգ Սաֆարյանն արդեն իսկ առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել, իսկ Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ գործը միացվել է 2016 թվականի հունիսին ՊՊԾ գունդը գրավելու վերաբերյալ հարուցված քրեական գործին:
Չուգասզյանը ընդհատակում էր գտնվում 2016 թվականից: Նա ընդհատակից դուրս է եկել սույն թվականի ապրիլի 24-ին եւ նույն օրը Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս ճանապարհին ձերբակալվել, ապա կալանավորվել: Կալանավորվելուց հետո Չուգասզյանը անժամկետ հացադուլ էր հայտարարել: