Արարատ Միրզոյանն այցելել է Գարեգին Չուգասզյանին
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանի և Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի հանդիպման մասին:
Ս.թ. մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը այցելել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ և հանդիպել է Հիմնադիր խորհրդարանի նախագահ, անժամկետ հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Գարեգին Չուգասզյանին:
Գարեգին Չուգասզյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին և իրենց թիմին փայլուն իրականացված «թավշյա» հեղափոխության կապակցությամբ և իր շնորհավորանքները խնդրել հաղորդել անձամբ ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հանդիպումը ընթացել է հայտարարված հացադուլի և նրա պահանջների տեխնիկական իրականացման հնարավորությունների հարցերի շուրջ:
Ա. Միրզոյանը իր և իր կուսակից ընկերների անունից հորդորել է առողջական նկատառումներից ելնելով դադարեցնել արդեն իսկ 16 օր շարունակվող հացադուլը և հավաստիացրել, որ իրենք ամեն ինչ կանեն ՀՀ բոլոր քաղբանտարկյալներին օր առաջ ազատ արձակելու համար:
Ի պատասխան Գ. Չուգասզյանը շնորհակալություն է հայտնել իր առողջության նկատմամբ ցուցաբերված ուշադրության հանդեպ` միաժամանակ նշելով, որ անժամկետ հացադուլի պահանջների ժամ առաջ իրականացումը հանդիսանում է սկսված հեղափոխության առաջնային խնդիրներից մեկը և քրեաօլիգարխիկ համակարգի հանցավոր դատա-իրավական հիմնասյունի լիարժեք ջախջախման մեկնարկի ազդարարումը:
Իսկ մայիսի 28-ին լրանալիք Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակն ընձեռում է այն բացառիկ հնարավորությունը, երբ մեկ հարվածով կարելի է ճեղքել արդեն իսկ բազմաթիվ միջազգային զեկույցներով դատապարտված և խեղկատակությունների շարքի վերածված դատավարությունների «Գորդյան հանգույցը»: Չի կարելի թերագնահատել Հայաստանի Հանրապետության համերաշխության և հաշտեցման մթնոլորտի վերականգնման այս հաղթաթղթի կարևորությունը:
Ուստի Գ. Չուգասզյանը, գիտակցելով խնդրի անհետաձգելիությունը, կշարունակի հացադուլը, որի պահանջները շարունակում են մնալ հայկական «Բաստիլ»-«Գուլագի» ազատագրման հետևյալ կետերը.
1. Արմեն Սարգսյանի գլխավորած Հայաստանի գործող ադմինիստրացիան, մինչև սույն թվականի մայիսի 27-ը, պետք է անհապաղ նախաձեռնի Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալների օր առաջ ազատման գործընթացը,
2. Սույն թվականի մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ հայտարարել այնպիսի լայն համաներում, որը ունակ լինի հաղթահարելու արատավորված արդարադատության համակարգի կողմից առաջացած սոցիալական դժգոհությունը և հիմքեր ստեղծի արդարադատության համակարգի նկատմամբ հավատի վերականգնման համար.
3. Ստեղծել անցումային արդարադատության հանձնաժողով. որը կզբաղվի ռեժիմի գործած հանցագործությունների, ինչպես նաև նրա դեմ պայքարի ընթացքում զոհված քաղաքացիների հետ կապված քննությունների իրավաքաղաքական լուծումների որոնմամբ։
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն