Տարոն Մարգարյանը դատապարտում է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքում է, որ երեկ իր հրաժարականը պահանջող ակտիվիստներին Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկած անձանց մեքենան որևէ առնչություն ունի քաղաքապետարանի հետ։

«Այդ մեքենան քաղաքապետարանի ենթակայության տակ չէ, մեր հաշվառման տակ չէ և մենք էլ ենք դատապարտում նման երևույթները»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տ.Մարգարյանը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ակտիվիստներին Բաղրամյան պողոտայում 20:00-ի սահմաններում մոտեցել է «Մերսեդես» մակնիշի «70 MX 070» պետհամարնիշներով սև ավտոմեքենա, որից սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել, իսկ երբ հասել են Բաղրամյան 75, սպիտակ գույնի «Նիվա» 17 JO 707 համարներով մեքենայից իջել է սև գլխարկով մի հոգի, խփել ցուցարարին և բարձրախոսին, որից հետո սկսվել է խառնաշփոթ: Շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ մեքենաներն ինչ-որ կապ ունեն Երևանի քաղաքապետարանի հետ:

Այդ առիթով Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, քիչ առաջ որոշ կայքեր և սոցիալական ցանցերի օգտատերեր հրապարակել են ահազանգ այն մասին, որ Բաղրամյան-Օրբելի փողոցների խաչմերուկում իբր թե Երևանի քաղաքապետի կողմնակիցների և ցուցարարների միջև ընդհարում է տեղի ունեցել։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ միջադեպը որևէ առնչություն չունի ո՛չ Երևանի քաղաքապետարանի և ո՛չ էլ Երևանի քաղաքապետի հետ, տվյալ ավտոմեքենան էլ որևէ կապ չունի Երևանի քաղաքապետարանի հետ: Մենք մշտապես դատապարտել ենք նմանատիպ երևույթները և կոչ ենք անում չտրվել սադրանքների և զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031