Ո՞վ է ՀՀ ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետը

Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետ է նշանակվել Արթուր Վանեցյանը: Վերջինս 38 տարեկան է, շուրջ մեկուկես տասնամյակ աշխատում է Ազգային անվտանգության ծառայության համակարգում, ունի գնդապետի կոչում։ Մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ 

168.am-ի տեղեկություններով՝ նորանշանակ ԱԱԾ պետը Մարգարիտա Ազարյանի որդին է, ով երկար տարիներ աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում, սկզբում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի վարիչի պաշտոնում, այնուհետև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի անձնակազմի և պարգևների վարչության պետ: Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Մարգարիտա Ազարյանը տեղափոխվել է Կառավարություն, սակայն դեռևս հայտնի չէ, թե այժմ ինչպիսի պաշտոն է նա զբաղեցնում:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը «Վիլլա Մոնտեսսորի»՝ Մոնտեսսորիի մեթոդաբանությամբ մանկապարտեզ-դասապատրաստման կենտրոնի սեփականտերն ու ղեկավարն է: Նշենք, որ 2017թ. հոկտեմբերին Դեմիրճյան փողոցի վրա բացվեց «Վիլլա Մոնտեսսորի» մեծ կենտրոնը:

Ի դեպ, հայտնի է նաև, որ Ա.Վանեցյանը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի մտերիմ ընկերն է: 

aravot.am-ը հիշեցնում է, որ րագրողները նրան հիշում են որպես իրենց մուտքը ՊՊԾ գունդ համակարգող և կազմակերպող: 

«Հետքը» անդրադարձել էր Վանեցյանի հոր ծաղկային բիզնեսին: Ֆինանսների նախարարության ցանկում ծաղիկներ ներմուծող կազմակերպություններից է «Ավ գրուպ» ՍՊԸ-, որի սեփականատերը և տնօրենը Գագիկ Վանեցյանն է:

Ստորև ներկայացնում ենք նաև նրա կնոջ՝ Նոնա Վանեցյանի կենսագրությունը villamontessori.am կայքից.

Նոնա Վանեցյան Հիմնադիր տնօրեն Ծնվել է 1982թ. հունվարի 7-ին
ք.Երևանում։
1999 թ.-ին ավարտել է N 76 միջնակարգ դպրոցը։
1999֊2004թթ. սովորել է Հ.Աճառյանի անվան համալսարանում, Համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում։
2013֊2016թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, Հանրային կառավարում ֆակուլտետում (մագիստրատուրա)։
Աշխատանքային գործունեություն`
2004-2005թթ. աշխատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչությունում` որպես առաջին կարգի մասնագետ։
2005-2010թթ.` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
հեռահաղորդակցության վարչությունում` որպես առաջատար մասնագետ։
2010֊2012թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի քարտուղարության արձանագրային և հանձնարարականների հսկողության բաժնում` որպես բաժնի պետ։
2012-2015թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի
նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը։
2015֊2016թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության արտակարգ
իրավիճակների նախարարությունում` որպես Նախարարի խորհրդական։ Հանդիսացել է այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։
Քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան
2017թ. օգոստոսից «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնի հիմնադիր տնօրենն է։
2017թ. մայիսին Կիևում մասնակցել է մեկշաբաթյա Մոնտեսսորի մանկավարժության դասընթացի, ստացել է հավաստագիր։
2017թ. հունիսին Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է երկշաբաթյա Մոնտեսսորի մանկավարժության դասընթացի, ստացել է հավաստագիր։
2017թ. հուլիսին Պրահայում մասնակցել է 28-րդ Մոնտեսսորի Միջազգային Կոնգրեսին և անդամագրվել է AMI ասոցիացիային։
Կոչումներ` Փրկարար ծառայության լեյտենանտ։
Պարգևներ` 2016թ. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում դրական ձեռքբերումների համար արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պատվոգրի:

Տեսանյութեր

Լրահոս