
Կառավարությունը կփոխհատուցի Սիրիայում, Լիբանանում և Իրաքում տրամադրված ՀՀ անձնագրերի պետտուրքը

ՀՀ կառավարությունը 12 մլն 990 հազար դրամ կհատկացնի Սիրիայում, Լիբանանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներին տրամադրված ՀՀ անձնագրի դիմաց պետական տուրքի փոխհատուցման նպատակով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 11-ի նիստի օրակարգում:
Ըստ նախագծի հիմնավորման, 2018թ. 1-ին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 230 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում (93 գործ), Հալեպում (128 գործ), Բաղդադում (7 գործ), Բեյրութում (2 գործ), գտնվող ՀՀ դեսպանությունում` ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
«ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: