
Դեսպան Սմբատյանը Հալեում մասնակցել է գերմանա-հայկական ֆորումին

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մայիսի 8-ին աշխատանքային այց է կատարել Հալե քաղաքում և մասնակցել գերմանա-հայկական ֆորումին, որի նպատակն է խթանել և ընդլայնել հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ֆորումի շրջանակներում Աշոտ Սմբատյանը հանդես եկավ ծավալուն զեկույցով Հալե քաղաքի «Էլիզաբեթ» գիմնազիայի ավագ դասարանների սաների առջև: Իր զեկույցում դեսպանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին և վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Աշոտ Սմբատյանը հանգամանալից ներկայացրեց հայաստանյան կրթական ոլորտի առանձնահատկությունները, Հայաստանում արտերկրի ուսանողների ուսանելու լայն հնարավորությունները: Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Կարամբա Դիաբին, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության պաշտոնյաներ, դպրոցի տնօրինությունը և մանկավարժական կոլեկտիվը: Միջոցառման ավարտին Բունդեսթագի պատգամավոր Կարամբա Դիաբին և դեսպան Սմբատյանը ծաղկեպսակ զետեղեցին Հալե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:
Տեղեկանք․ Հալե քաղաքի «Էլիզաբեթ» գիմնազիան երկարամյա համագործակցության փորձ ունի երևանյան դպրոցների հետ, որի շրջանակներում կազմակերպվում են փոխայցեր, աշակերտների փոխանակման ծրագրեր»: