Նաիրա Զոհրաբյանը Բաղրամյան 26-ում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը չի մասնակցել
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղյակ չէ քիչ առաջ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ-ականների հանդիպման մասին։
168.am-ի հետ զրույցում Ն.Զոհրաբյանը հերքեց լուրերը, որ ինքը մասնակցել է այդ հանդիպմանը։
«Ես քաղաքում չեմ և որևէ բանից տեղյակ չեմ»,- ասաց Ն.Զոհրաբյանը։
Նշենք, որ կայքէջերից մեկը լուր է հրապարակել, որ իր ունեցած հավաստի տեղեկություններով՝ քիչ առաջ Բաղրամյան 26-ում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ-ականների հանդիպումը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական համագործակցության վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես՝ «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է կոալիցիա կազմել վարչապետի հետ։ Նրանք պահանջել են առաջին փոխվարչապետի պաշտոնն ու ևս 4 նախարարի պորտֆել։ Որպես փոխվարչապետ՝ քննարկվել են Նաիրա Զոհրաբյանի, Իշխան Զաքարյանի և Միքայել Մելքումյանի թեկնածությունները։ Վերջնական պայմանավորվածություն կողմերի միջև տեղի չի ունեցել»,- նշված էր հրապարակման մեջ։
168.am-ի տեղեկություններով՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը նույնպես հանդիպմանը չեն մասնակցել։
Իշխան Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում նույնպես հերքեց, որ մասնակցել է Բաղրամյան 26-ում հանդիպմանը։ «Ես տեղյակ չեմ, գիտեք, որևէ բանից տեղյակ չեմ, ազնվորեն եմ ասում»,- ասաց Ի.Զաքարյանը։