Ուժային կառույցների հետ կապված Նիկոլ Փաշինյանը մի քանի տարբերակ է դիտարկում
Հայաստանյան իրադարձությունները սխալ է համեմատել ուկրաինական, կամ վրացական, կամ էլ մեկ այլ վայրում տեղի ունեցած որևէ բանի հետ։ Ինչպես այսօր Ստեփանակերտում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս համաժողովրդական շարժումը չի ունեցել և չունի արտաքին գործոն։
«Այս գործընթացը կրել է բացառիկ խաղաղ բնույթ, որի արդունքում անվանվել է սիրո և համերաշխության հեղափոխություն։ Մեր խնդիրը ոչ թե Հայաստանում թշնամության նոր գծեր քաշելն է, այլ եղած թշնամության գծերը վերացնելը և համերաշխության մթնոլորտ հաստատելը։ Մենք ասել ենք, որ կարևոր ենք համարում ազգային միասնության հաստատումը, որը հիմնված է օրինականության և իրավունքի վրա»,- ասաց ՀՀ վարչապետը։
Համաձայնության կառավարության վերաբերյալ Ն.Փաշինյանը նշեց, որ բոլոր խորհրդարանական ուժերի հետ սկսելու են քննարկումներ, որի արդյունքում կձևավորվի կառավարություն։
Նա շեշտեց, որ ՔՊ կուսակցությունն ունի և ունեցել է կառավարության իր տարբերակը, բայց քանի որ ձևակերպել են այլ խնդիր, քան իշխանությունը վերցնելը, այդ պատճառով կսկսեն խորհրդակցություններ խորհրդարանական ուժերի հետ, և այդ խորհրդակցությունների արդյունքներով կձևավորեն կառավարություն։ Ուժային կառույցների հետ կապված Ն.Փաշինյանը դիտարկում է մի քանի տարբերակ, որոնց մասին որոշում կկայացնի առաջիկա օրերին։
Ն.Փաշինյանը նշեց, որ մեծ հայրենադարձությունը պետք է դառնա համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը՝ կապիտալի, գաղափարի, նախագծերի և առավել կարևորը՝ մարդկանց հայրենադարձություն։ Վարչապետի կարծիքով՝ ՀՀ-ի գոյության բարձրագույն իմաստն այն է, որ հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր, մշակութային ներուժը կամ դրա հիմնական մասը սեփական տարածքում կենտրոնացնելը և այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը. «Սա է այն օրակարգը, որի իրականացումը ես պատկերացնում եմ համայն հայության ջանքերով»։