Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն մեկ պարագայում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավորվում է ամեն ջանք գործադրել՝ Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար։ Այս մասին այսօր Ստեփանակերտում ասուլիսի ընթացքում հայտարարեց Ն.Փաշինյանը։
«Մենք շատ հստակ պետք է պատասխանենք մի հարց՝ մենք ուզո՞ւմ ենք լուծել հարցը, թե՞ չենք ուզում լուծել։ Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղի հարցը, տրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որով այդ հարցը չի կարող լուծվել։ Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը բանակցային սեղանի շուրջ չէ։ Այսինքն՝ սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է՝ մենք լուծո՞ւմ ենք հարցը, թե՞ չենք լուծում»,- ասաց Ն.Փաշինյանը։
Ըստ նրա՝ Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության անունից կարող է խոսել ՀՀ իշխանությունը։ Ն.Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն նույնպես հակամարտության կողմ է և լիարժեք կխոսի իր անունից, իսկ Արցախի Հանարապետության անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ հայկական կողմերը միշտ էլ խաղաղ հանգուցալուծման կողմնակիցներ են եղել, Ադրբեջանն է շարունակաբար օգտագործում ռազմատենչ հռետորաբանություն՝ հայտարարելով հայկական կողմին ոչնչացնլու իր մտադրության մասին։
«Ես կարծում եմ, որ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ արձանագրեն, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանարապետությունն Ադրբեջանի ռազմաշունչ ռիտորիկայի առաջ որևէ կերպ չեն ընկրկի, բնականաբար, առավել ևս հիմա, երբ մեր ժողովուրդն ու ազգը միասնական է առավել, քան երբևէ»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ խնդրի լուծման ամենակարևոր կոմպոնենտը ճիշտ ձևաչափով բանակցությունն է և հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցությունների սեղանի մոտ։
Ն.Փաշինյանը նշեց, որ քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը, և այլ բնակավայրեր գրավելու մասին, փոխզիջման մասին խոսելը պարզապես անիմաստ է.
«Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իարվունքը»։
Ն.Փաշինյանն ընդգծեց, որ հարցը պետք է լուծվի բանակցային ճանապարհով, պետք է լրջագույն ջանքեր գործադրենք Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ.
«Միջազգային հանրությունը պետք է շատ հստակ արձանագրի, որ Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է, որովհետև Արցախի պրոբլեմը ծագել է նրա արդյունքում, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել ԼՂ ինքնավար մարզի հայ բնակչության նվազագույն իրավունքները, այլև ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի և անվտանգության իրավունքի, նրանց ինքնության, նրանց՝ իրենք իրենք լինելու իրավունքին, այսինքն՝ իրական սպառնալիք է ստեղծել Արցախի ժողովրդի գոյության համար, որոնք արտահայտվել են կոնկրետ գործողություններով՝ խաղաղ բնակչության դեմ ռազմական պայքար մղելով»։